Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հետ, հանգիստ չի տալիս թուրքական իշխանություններին։ Թուրքիայի արտգործնախարարության եւ վարչապետի հայտարարությունից հետո այս հարցին է անդրադարձել թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը, ով օրեր առաջ հայտարարել էր, որ առանց Ղարաբաղի խնդրի լուծման՝ ինքը արձանագրությունները չի դնի քվեարկության, քանի որ միանշանակ կմերժվեն։

Թուրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ՝ Մերջանը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է արձանագրությունների ոգուն, վնասում է գործընթացին, եւ կոչ է արել ՀՀ արտգործնախարարին՝ խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տալ եւ ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք։

«Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը անհրաժեշտ է քննարկել միջազգային իրավունքի շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարարության իրավաբանների կողմից իրականացվող աշխատանքներից հետո՝ որոշում կկայացվի»,-նշել է Մերջանը։

Թուրքիայի խորհրդարանից արձանագրությունները հետ կանչելու խնդրի հետ կապված լրագրողի հարցին, Մուրադ Մերջանը նկատել է, որ դրա կարիքը չկա, քանի որ ոչ մի տարբերություն չկա դրանք խորհրդարանում են թե հետ կկանչվեն։