Լոռիի մարզի բնակիչ 26-ամյա Շուշանիկի /անունը փոխված է/ ընկերը նրան ասել է, որ կասկածում է նրա անմեղության վրա եւ մինչեւ չհամոզվի չի կարող նրա հետ ամուսնանալ: Իսկ երբ համոզվել է, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 26-ամյա Շուշանիկը:

Մինչեւ մանրամասներին անցնելը Շուշանիկը պատմեց, որ վաղ հասակից է կորցրել հորը: Իսկ մայրը կապվել է մեկ այլ տղամարդու հետ, ով կին եւ ընտանիք է ունեցել: Նույնիսկ այդ մարդու կինն է իմացել այդ մասին:  «Երբ ծանոթացա իմ ընտրյալի հետ, ամեն ինչ լավ էր: Բայց մի օր նա ասաց, որ կասկածում է իմ անմեղության վրա եւ մինչեւ չհամոզվի, չի կարող իմ հետ ամուսնանալ: Համոզվեց, բայց պարզվեց, որ չի պատրաստվում ամուսնանալ: Ես որոշեցի դիմել դատարան, բայց նա ասաց, որ իրենց ընտանիքում անբարոյական աղջկա չեն կարող հանդուրժել: Իսկ, եթե ցանկանում եմ իր հետ ապրել, ուրեմն պետք  է անեմ այն, ինչ ինքը կամենա»,- անկեղծացավ Շուշանիկը : Դրանից հետո նա Շուշանիկին ծեծել է եւ նվաստացրել արժանապտվությունը:  «Ես վախենում էի որեւէ մեկին պատմել, որովհետեւ կնախատեին եւ կասեին, որ մորս աղջիկն եմ:  Այդպես մեկ տարի ամեն օր նա գալիս էր ինձ մոտ եւ ստիպում անցնել տառապանքների մեջով:  Իրեն ասացի, որ հանգիստ թողնի ինձ: Ասաց, որ կթողնի, բայց նաեւ վրաս նշան կթողնի, որ բոլորն իմանան, թե ով եմ եղել:Վառած ծխախոտով այրեց մարմինս: Ինձ ցավ պատճառելը նրան մեծ բավականություն էր պատճառում եւ ասում էր, որ իմ նմանների հետ չեն ամուսնանում»,-ավելացրեց Շուշանիկը: Վերջինս դիմել է Կանանց իրավունքների կենտրոնին եւ մեծ հոգեբանական աջակցություն է  ստացել:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: