Երեւանում ավարտվեց «Popok» գովազդի միջազգային երրորդ փառատոնը՝ մասնակիցների մրցանակաբաշխությամբ: Փառատոնում սահմանված էին գովազդի գրեթե բոլոր ձեւաչափերին վերաբերող անվանակարգեր, այդ թվում՝ «Հեռուստա եւ վիդեոգովազդ», «Տպագիր եւ արտաքին գովազդ», «Թվային եւ նոր գովազդակիրներ», «Ռադիոգովազդ», «Մարքետինգային արշավ» եւ «Գրաֆիկական դիզայն»:
Նշենք, որ այս տարի եւս փառատոնի մասնակիցների զգալի մասը արտասահմանից էին, հիմականում Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից: Ներկայացված էր նաեւ Վրաստանը, որը «Թվային եւ նոր գովազդակիրներ» անվանակարգում «արծաթե» մրցանակի արժանացավ: Հատկանշական է, որ բոլոր անվանակարգերում մրցանակների ընդհանուր թվով առաջին տեղը զբաղեցրեց Ուկրաինան: Այս երկրի ընկերությունների՝ փառատոնին ներկայացրած գովազդային նախագծերի արդյուքները բավականին տպավորիչ էր: Օրինակ՝ «Եվրո 2012» ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ուկրաինացի կրեատիվ մասնագետներն անգլերեն ուսուցանող կազմակերպության համար ինտերնետում արշավ են կազմակերպել, որի շրջանակում հայտարարել են «Հերոս ճանապարհային ոստիկան» մրցույթը. Վերջինի նպատակն է եղել գտնել այն ճանապարհային ոստիկանին, ով կարող է անգլերեն խոսել վարորդի հետ:
Բնականաբար վարորդները միանգամից արձագանքել են այս զավեշտալի մրցույթին: Գովազդային արշավի արդյունքում վարորդների տեսանյութերի հերոս դարձած 300 ճանապարհային ոստիկան ստիպված անգելերեն է սկսել սովորել, գովազդը պատվիրած ընկերության հաճախորդների թիվն աճել է 400 անգամ, իսկ վարորդի հետ անգլերեն խոսող «գաիշնիկի» տեսանյութը YouTube-ում դիտել են ավելի քան 5 մլն անգամ:
Փառատոնին ներկայացված նմանատիպ գովազդային նախագծերը բազմաթիվ էին:
Մրցանակաբաշխությանը նախորդած մամուլի ասուլիսում «Popok» փառատոնի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս անգամ եւս կազմակերպիչների նպատակներից էր հայաստանյան մասնագետների եւ այս բնագավառում մասնագիտացող ուսանողների համար ապահովել գովազդի շուկայում տեղ գտած նորամուծությունները, նոր մոտեցումներն ու գաղափարները: «Մենք ցանկանում ենք առողջացնել գովազդի շուկան, այսինքն՝ գովազդը գործի օրենքով սահմանված չափորոշիչով: Օրինակ՝ բացառվի գովազդային տեսանյութերում երեխաների համատարած օգտագործումը: Օրենքով սահմանված է, որ երեխաներին կարող են գովզդային հոլովակում նկարահանել միայն այն դեպքում, երբ գովազդվող ապրանքը մանուկների համար է, բայց Հայաստանում փաստ է, որ երեխաների կերպարը օգտագործում են նրանց հետ կապ չունեցող շատ գովազդներում»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ հարցերի լուծումից հետո գովազդով զբաղվող ընկերությունները կսկսեն կրեատիվ մտածել բոլոր նախագծերի կապակցությամբ:
«Շուկան առողջացնել ասելով՝ նկատի ունեմ, որ գովազդային արշավ հայտարարող ընկերությունները գովազդը պատվիրեն իսկապես լավագույն ընկերություններին, այլ ոչ թե քավոր-սանիկներին: Եթե շուկան առողջանա, մենք թարմություն ու որակ կտեսնենք գովազդի ոլորտում»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Շարմ» ընկերություն տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ փառատոնի ընթացքում կազմակերպված քննարկումներում նշվել են ոլորտի վերաբերյալ մի քանի խնդիրներ, որոնք կաշխատեն լուծել մինչեւ հաջորդ փառատոնի բացումը:
Նշենք, որ այս տարի առաջին անգամ «Popok» փառատոնին աջակցում էր Երեւանի քաղաքապետարանը:

































