Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 22:30-ի սահմաններում դանակի մի քանի հարվածներից ստացված վնասվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Լոռիի մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Դոյդոռյանը:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Կարեն Դոյդոռյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բանյո փողոցի թիվ 8 շենքի բակից: Ըստ ոստիկանության` նրան դանակահարել է նախկինում մի քանի անգամ դատապարտված, Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Ս. Մխիթարյանը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով` դանակահարողը եւ դանակահարվածը մինչ դեպքը գտնվել են «Բելլիսիմո» ռեստորանի կարաոկե ակումբում, նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո էլ հաջորդել է դանակահարությունը, բայց արդեն փողոցում:
NEWS.am-ի տեղեկություններով «Բելլիսոիմո» սրճարանը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորը, որը ըստ շրջանառվող լուրերի, վարձակալական հիմունքներով տրված է ուրիշի:
NEWS.am-ի Լոռի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնել են, որ Կարեն Դոյդոռյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, եւ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով:





























