Երեւանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մեր խումբը ժամանեց  N զորամաս` շփման գծում զինվորականների կյանքին ծանոթանալու համար: Դեռ պետք է այցելենք նաեւ շփման գծին մոտ գտնվող դիրքերից մեկը: Երթուղին գնդակոծվում է հակառակորդի կողմից, այդ իսկ պատճառով հյուրերին գրեթե հարկադրաբար առաջարկվում է զրահաբաճկոն եւ սաղավարտ: 

Տվյալ զորամաս մեր այցելության օրը հրադադարի ռեժիմի խախտում չէր արձանագրվել: «Ընդհանուր առմամբ իրավիճակը նորմալ է: Հակառակորդի կողմից պարբերաբար հրադադարի ռժիմի խախտումներ են տեղի ունենում: Մեր կողմից պատասխան կրակ  է բացվում միայն նշանառու կրակի դեպքում: Եթե անկանոն կրակ է` չենք պատասխանում: Ահա երկու ամիս առաջ նրանց կողմից սադրանք էր եղել: Մենք պատասխանեցինք: Արդյունքում նրանք մեկ զինծառայող կորցրեցին: Մենք փամփուշտներն իզուր չենք  վատնում»,-ասում է  մայոր Է. Գ-ն: «Գլխավորը, որ բարոյական ոգին բարձր լինի: Իսկ մեզ համար ամենագլխավորը հայրենիքի սահամանների պաշտպանությունն ու զինվորների անվտանգ ծառայություն է»,-ասում է նա:

Այս հենակետը հակառակորդից  հարյուր մետր հեռավորության վրա է տեղակայված: Ճանապարհին հանում ենք ակնոցներն ու մյուս «անդրադարձնող»  ու փայլող իրերը: Շուրջը դեղնամոխրագույն բլուրներ են, հեռվում` աշնանային անտառը: Նման լռության մեջ սովորական ձայները բարձր են թվում եւ մտքերն այլ կերպ են գալիս:

Սպայական քաղաքի փողոցներում շատ են երեխաները. զբոսնում են մայրեր` նորածին փոքրիկների հետ: Զորամասում սովորական օր է. զինվորները քննություն  են հանձնում:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում զինվորական դաստիարակության պրոֆիլակտիկ աշխատանքներին, կարգուկանոնի պահպանմանը»,-ասում է  զորամասի հրամանատարը: Նրա խոսքով` այս տարվա ընթացքում զորամասում միջադեպեր չեն գրանցվել: «Գիտեք, այս ամենից զատ,  կարեւոր է, որ զինվորի հոգում հանգիստ լինի: Եթե ինչ-որ բան անհանգստացնում է, ասենք, տան հետ կապված, մենք հոգեբան ունենք»,-նշում է  հրամանատարը: Սպայական կազմում շատ են Վ. Սարգսյանի ինստիտուտի շրջանավարտները, կան նաեւ Ռուսաստանում  կրթություն ստացած սպաներ: