Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կանխատեսելի եւ հուսալի գործընկեր, որի մոտեցումներն ընկալվում ու գնահատվում են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով արտաքին քաղաքական տարին:

Ըստ Նալբանդյանի՝ միջազգային կարեւոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին, որն իր քայլերով ապացուցել է իր վստահելիությունը` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2009թ. ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է իրականացնել նախագահի կողմից նախանշված արտաքին քաղաքականության ուղեգիծը, ինչը բնորոշվել է նոր նախաձեռնություններով` աջակցություն ստանալով միջազգային հանրության կողմից. «Նախարարության աշխատանքներն ուղղված են եղել երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը»:

ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ արցախյան հիմնախնդրի արդարացի, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորումը շարունակել է մնալ մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ շարունակվել են ինտենսիվ բանակցությունները, տարվա ընթացքում կայացել է 9 հանդիպում: Դեկտեմբերի 1-2-ը Աթենքում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անբաժանելի սկզբունք, առաջին անգամ ամրագրվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, բազմաթիվ միջազգային փաստաթղթերում առավել շեշտվեց ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարեւորությունը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Բազմաբովանդակ եւ լայնածավալ համագործակցություն է իրականացվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, ընդլայնվել եւ ամրապնդվել է Հայաստանի բարեկամական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, շարունակվել է Եվրոպային մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը, եւ համագործակցության խորացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական կառույցների շրջանակներում: Հայաստանը միացել է ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին:

Ըստ Նալբանդյանի՝ դրական զարգացում է արձանագրել փոխշահավետ համագործակցությունը անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ:

«Առաջնորդվելով հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ` ինտենսիվ բանակցություններ են վարվել թուրքական կողմի հետ: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները»,- հիշեցրել է ԱԳՆ ղեկավարը՝ ներկայացնելով նախարարության՝ 2009թ. գործունեության մյուս ուղղությունները: