Թուրքական Gercekgundem կայքում Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների վերաբերյալ հրապարակման տակ ընթեցողներից մեկը գրել էր վիրավորական մեկնաբանություն։ Թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցները չեն կարողացել գտնել տվյալ ընթերցողին, որի պատճառով թուրքական դատախազությունը գործ է հարուցել հիշյալ լրատվական կայքէջի գլխավոր խմբագրի դեմ՝ պահանջելով 5 տարի 4 ամիս ազատազրկում։
Խնդրահարույց տեղեկությունը եղել է այն, որ ՀՀ նախագահը հայտարարել էր, թե սահմանը մինչ ֆուտբոլային հայտնի խաղը եթե բացված չլինի կամ չլինի բացման նախաշեմին, չի այցելի Թուրքիա։ Türkeli 27 ծածկանունով ընթերցողը այդ տեղեկատվության տակ քննադատել է նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլի պահվածքը։ Այնուհետ հայցով արդարադատության նախարարություն է դիմել նախագահի գրասենյակի իրավական պատասխանատուն։ Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին հայցը ներկայացրել է հանրապետական դատախազություն։
Թուրքիայի ոստիկանության տեղեկատվական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը պարզել է, որ վիրավորական մեկնաբանություն գրած ընթերցողը ինտերնետ է մտել Դանիայից եւ սրանով ավարտվել է փնտրտուքը եւ թիրախ է ընտրվել լրատվական կայքէջի խմբագիր Բարըշ Յարքադաշը։




























