«Չեմ կարծում, թե կարիք կար, որ մենք մեր հաղորդագրության մեջ դնեինք Ահմեդ Դավութօղլուի խոսքը, քանի որ նրա խոսքը կա Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի մասին ԱԳՆ տարածած հաղորադրության մեջ նշված է միայն այն, ինչ ասել է Է. Նալբանդյանը եւ ոչինչ չկա այն մասին, թե ինչ է պատասխանել Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մշտապես հայ լրագրողներին կոչ է անում չհավատալ թուրքական ու ադրբեջանական աղբյուրներին, իսկ այս դեպքում, նախարարը խորհուրդ տվեց լրագրողներին իր հետ հեռախոսազրույցում Դավութօղլուի խոսքերի մասին տեղեկանալ հենց թուրքական աղբյուրներից:

Նա կրկին հայտարարեց, որ անհեթեթություն է պնդել, թե Հայաստանի ՍԴ որոշումը հակասում է հայ-թուրքական արձանագրություններին, կամ ինչ-որ փոփոխություններ են մտցվել այդ արձանագրություններում: «Հայաստանը հետամուտ է արձանագրությունների տառին եւ ոգուն եւ պատրաստ է առաջ ընթանալ դրանք վավերացմանը հասնելու համար: Հուսով ենք, որ Թուրքիան նույնպես առանց ձգձգումների կգնա վավերացման: Եթե Թուրքիայում սկսված վավերացման գործընթացը կանգ է առել, ապա Հայաստանում այն ընթանում է իր հունով եւ այդ մասին է խոսում ՀՀ ՍԴ որոշումը, որ կայացվեց ժամկետից մեկ ամիս շուտ»,- ասաց Է. Նալբանդյանը, հույս հայտնելով, որ թուրքերը արհեստածին պատճառներ չեն բերի արձանագրությունները չվավերացնելու համար: «Չեմ կարծում, որ մեղքը հայերի վրա բարդելը ըմբռնումի կարժանանա միջազգային հանրության կողմից»,- ասաց նա: