Մեքսիկայի մայրաքաղաքի այգիներից մեկում Հեյդար Ալիեւի արձանի տեղադրման շուրջ աղմուկը չի դադարում: Մեքսիկական թերթերը կրկին անդրադարձել են այդ խնդրին:

Ստորեւ ներկայացնում ենք մեքսիկական մամուլից արված լրաքաղը` Մեխիկոյում տեղադրված Հեյդար Ալիեւի հուշարձանի վերաբերյալ:

Մեքսիկական առաջատար մամուլը խստորեն քննադատության է ենթարկում Մեխիկոյում ադրբեջանական երկու հուշակոթողների գոյության փաստը: Այդ գործընթացը շարունակվում եւ ծավալվում է մինչեւ օրս:

Խնդրին անդրադարձել է Մեքսիկական «Excelsior»-ը: Իր հոկտեմբերի 23-ի «Շարունակվում է բանավեճը Հեյդար Ալիեւի արձանի շուրջ» վերնագրովհոդվածում գրում է /ներկայացվում է կրճատումներով/. Արձանը մայրաքաղաք Մեխիկոյի կառավարության եւ նույն քաղաքում Ադրբեջանի դեսպանության միջեւ 2011թ. հուլիսին կնքված համաձայնագրի մաս է կազմում: Չապուլտեպեք անտառում տեղադրված Հեյդար Ալիեւի արձանի, ինչպես նաեւ Տլաքսկոակե հրապարակում տեղադրված հուշարձանի շուրջ առաջացած քաղաքացիների անհամաձայնության եւ շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Մեխիկոյի Դաշնային շրջանի կառավարությունը ստեղծեց խորհրդատվական հանձնաժողով` հարցը քննելու եւ արձանների հետագա ճակատագիրը որոշելու համար: Դաշնային շրջանի կառավարությունը Ադրբեջանի դեսպանությունից ստացել էր 65 մլն պեսո` «Մեքսիկա-Ադրբեջան Բարեկամության այգու» եւ Տլաքսկոակե հրապարակի բարեկարգման համար եւ տեղադրել վերոնշյալ հուշարձանները:

Արձանը գտնվում է Մեքսիկա-Ադրբեջան բարեկամության այգում` Ժամանակակից Արվեստի Թանգարանի դիմաց: Այգու բացումը տեղի ունեցավ 2012թ. օգոստոսի 22-ին` հաշվի չառնելով Արձանի տեղադրամը դեմ արտահայտված Չապուլտեպեկ անտառի քաղաքային խորհրդի ղեկավարի կարծիքը: Վերջինս Ալիեւին անվանեց ցեղասպան եւ մարդու իրավունքների ոտնահարող:

«Ադրբեջանցի ընդդիմադիրը քննադատում է հուշարձանը» վերնագրով հոդվածում «Excelsior»-ը տպագրել է նաեւ ադրբեջանցի ընդդիմադիր Իսա Ղամբարի հարցազրույցից մի հատված: Անդրադառնալով Ալիեւի արձանի խնդրին` Ղամբարը նշել է, որ վերջին ինը տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը լծվել է երկրում Ալիեւի հուշարձանների տեղադրման, նրա անունով եւ պատկերներով թանգարանների, շենքերի կառուցման գործին: Ըստ Ղամբարի` Մեխիկոյում երկու հուշարձանների տեղադրմանն ուղղված ծախսերը չեն քննարկվել երկրի խորհրդարանում, ինչպես եւ առանց վերահսկման ծախսվում են նավթային եկամուտներից ստացված տասնյակ միլիարդներ:

Հարցին անդրադարձել է նաեւ մեքսիկական «La Razon» պարբերականը, որն իր «Հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանի բռնապետի արձանի ճակատագիրը» վերնագրով հոդվածում ներկայացնում է հանձնաժողովի անդամներից մեկի` թերթին տված հարցազրույցից մի հատված. Խորհրդատվական Հանձնաժողովի անդամ Գաբրիել Գեռա Կաստելյանոսը նշում է, որ բացի Ալիեւի արձանի տեղադրումից կա նաեւ մեկ այլ հարց, որը քիչ ծանոթ է հանրությանը, բայց նույնպես արժանի է ուշադրության, դա ` Խոջալուի ենթադրյալ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեկ այլ հուշարձանի տեղադրումն է: Այստեղ հարցը նրանում է, թե ինչպես է մեկնաբանվում պատմությունը եւ ինչպիսի ծայրահեղ թեթեւությամբ է գործածվում ցեղասպանություն բառը ոչ միայն այս, այլեւ շատ տարբեր դեպքերում: Ցեղասպանությունների մասին խոսելը շատ էժանագին է դարձել: Վերջինս նշում է նաեւ «Ծանոթ լինելով Հեյդար Ալիեւի, ինչպես նաեւ նրա որդու` Ադրբեջանի ներկայիս նախագահի պատմությանը, ակնհայտ է, որ նրանք ժողովրդավարական արժեքների կրողներ չեն:

«Բռնապետի որդին վճարել է Մեքսիկայի Սենատում Ժողովրդավարական Հեղափոխության Կուսակացության ղեկավարի` Բաքու այցելության բոլոր ծախսերը» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվում սենատոր Կարլոս Նավառետեի Բաքու կատարած այցին: Մեխիկոյում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի արձանի բացումից մեկ ու կես ամիս առաջ, Ադրբեջանի կառավարությունը վճարել է սենատոր Կարլոս Նավառետեի` Բաքու այցեկության բոլոր ծախսերը` այդ երկրի քաղաքական համակարգին ծանոթանալու նպատակով: Այցի ժամանակ Նավառետեն փառաբանել է Իլհամ Ալիեվին եւ բարձր է գնահատել /գոհունակությամբ նշել է/ Ալիեւի կառավարության նվիրատվությունը Մեխիկոյի Դաշնային շրջանին` երկու հրապարակների կառուցման համար, որոնցից մեկում էլ տեղադրվել է բռնապետի արձանը: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի նվիրատվությամբ բարեկարգված երկու հրապարակները զգալի հետք կթողնեն մայրաքաղաքում:

Օգոստոսի 22-ին Նավառետեն ընդունեց Ադրբեջանի փոխվարչապետին: Նույն տեղի ունեցավ արձանի եւ Տլաքսկոակե հրապարակի բացման արարողությունը, վերջինը նվիրվում է խաղաղությանը, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին:

«Արձանը պատիվ չի բերում Դաշնային Շրջանին» վերտառությամ հոդվածով թերթն անդրադարձել է նաեւ Ալիեւի արձանի կապակցությամբ պաշտոնական այցով Մեքսիկայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը:

«Մեխիկոյի կառավարությունն ընդունել է մի որոշում, որը բոլորի կողմից համարվում է սխալ, հետեւաբար հենց քաղաքի կառավարությունն էլ պետք է որոշի` արդյոք այդ արձանը պետք է հանել կամ պետք է մնա իր տեղում: Եթե այն մնա, ապա պատիվ չի բերի Մեխիկո քաղաքին: Կառավարությունն ինքն իրեն պետք է հարց ողղի, թե արժեր արդյոք մեքսիկացի հերոսների կողքին կանգնեցնել նման անձնավորության արձանը` համեմատության մեջ դնելով մեքսիկացի հերոսների հետ»:

ՀՀ ԱԳ նախարաը ժխտել է, թե Հայաստանի կառավարությունը տեղեկատվական պատերազմ է սկսել Հեյդար Ալիեւի դեմ եւ հիշեցրել է, որ Ադրբեջանում գոյություն չունեն լրագրություն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ: «Աշխարհում մամուլի ազատության ցուցանիշներով Ադրբեջանը գտնվում է 162-րդ տեղում, այդ պատճառով էլ նրանք կարծում են, որ այլոք ընդունակ են նման քայլերի»: