Հայաստանի Սահմանադրական դատարանը ընդունել է մի որոշում, որով Արձանագրությունները ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ, այն օժտելով ընդարձակ մի նկարագրական-պատճառաբանական մաս` առաջաբանով: Որքան էլ վերջինս իրավական որեւէ ուժ չունի, իշխանական քարոզչամեքենայի եւ այս խնդրում «ըննդիմադիր» Դաշնակցության կողմից այն թմբկահարվել է որպես «թուրքական նախապայմանների չեզոքացում», դրանցից ապահովագրում, ընդհուպ՝ գնահատվել է որպես «դիվանագետների անգրագիտությունների սրբագրում»: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հունվարի 22-ին տարածած հայտարարության մեջ:
Ըստ ՀԱԿ-ի՝ ՍԴ-ն թատերական մի ներկայացում խաղաց՝ ընդունելով իրավական տեսակետից խայտառակ ու գավառամիտ մի փաստաթուղթ: «Կենցաղային մակարդակի այս խորամանկությունը, որ որպես քարոզչական նյութ նախատեսված էր միմիայն ներքին սպառման՝ ձախողումները սքողելու, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտ գործուղված Դաշնակցության դեմքը փրկելու համար, սպառնում է դառնալ սեփական ձեռքերով հյուսված նոր մի ծուղակ Հայաստանի համար»: ՀԱԿ-ն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանը թանկարժեք նվեր մատուցեց Թուրքիային. «որքան էլ նրա որոշման ներածական մասը՝ հեքիաթ, իրավական ուժից զուրկ մի շարադրանք է, Թուրքիան, Հայաստանի իշխանությանը նմանակելով ու նույն մակարդակին լինելով, այն լրջի է տալիս»: Դրանում «նախապայմաններ» եւ «Արձանագրություններին հակասող» մտքեր տեսնելով, նա պահանջում է վերանայել այդ որոշումը՝ հակառակ դեպքում գործընթացի փակուղի մտնելու պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա: «Ստորագրված արձանագրություններից առավելագույնը ստացած լինելով, Թուրքիան, ստացավ նաեւ իր փնտրած „լեգիտիմ“ առիթը՝ Հայաստանին չտալու այն նվազագույնը (ճանապարհների բացումը), որ հնարավոր էր միայն արձանագրությունների վավերացումից հետո»,- նշել են ՀԱԿ-ի պատասխանատուներն ու հավելել. «Սեփական ձեռքերով հերթական ծուղակում հայտնվելը, արդյունք է ոչ միայն Հայաստանի իշխանության ոչ լեգիտիմության եւ արկածախնդրական քաղաքականության, այլեւ համապատասխան պաշտոնյաների անձեռնահասության ու բացառիկ տգիտության: Ձախողումների նոր ռեկորդներն անխուսափելի են, քանի դեռ, ըստ վարչախմբի ամենակարկառուն մի ներկայացուցչի՝ այստեղ գործում է „քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ“ անկրկնելի ստանդարտը, որ, ըստ էության, վերից-վար գործում է բոլոր ոլորտների պաշտոնյաների համար որպես պարտադիր նախապայման»:




























