Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայող, 20-ամյա Գ.Հ-ն հրել է իր նկատմամբ պետ հանդիսացող Ա. Ն-ին անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը եւ քարերով հարվածել վաշտի հրամանատար Հ.Մ-ի մարմնի տարբեր հատվածներին : Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
20-ամյա Գ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային գտնվելով Մ.Բ-ի անվան ուսումնական հրաձգարանում, ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Ա. Ն-ի եւ նույն գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի հրամանատար կապիտան Հ. Մ-ի կողմից կարգի հրավիրելու եւ շարվելու հրաման տալուց հետո, հրել է իր նկատմամբ պետ հանդիսացող Ա. Ն-ին անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը եւ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն գործադրելով` մի քանի անգամ քարերով հարվածել վաշտի հրամանատար Հ.Մ-ի մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ:
Այսինքն` Գ. Հ-ը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով եւ 358 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 2-ին եւ առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























