60-ամյա Է. Թ.-ն իր հետ փաստացի բնակվող կնոջ անչափահաս 15-ամյա աղջկան բռնությամբ դրդել է մուրացկանության եւ գումար հավաքագրել, այնուհետեւ սեռական շահագործման նպատակով տարել Երեւանյան լճի մոտակայք եւ իրենց կողմից վարձակալած  տանը տարբեր օրերի անառակաբարո գործողություններ կատարել: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Ըստ գործի նյութերի, 60-ամյա Է. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դեռ 2011-ի փետրվարից համատեղ բնակվելով Լ. Գ.-ի եւ վերջինիս անչափահաս 15-ամյա դստեր` Ս. Գ.-ի հետ, վերջինիս շահագործման ենթարկելու նպատակով 2011թ. մայիսից` տարբեր օրերի, պարբերաբար նրա նկատմամբ բռնություն գործադրելով կամ այդպիսին գործադրելու սպառնալիքներով, նաեւ արգելելով նրան սնվել եւ բնակվել իրենց տանը` անչափահաս Ս. Գ.-ին ներգրավել է հարկադիր աշխատանքի մեջ` ստիպելով Երեւան քաղաքի տարբեր վայրերում զբաղվել մուրացկանությամբ: Ավելին` ստացել ու ինքնուրույն տնօրինել է մուրացկանությամբ վաստակած գումարները: 

Դրանից բացի` Է. Թ.-ն սեռական շահագործման ենթարկելու նպատակով խաբեությամբ` իբրեւ համեղ ուտեստ հյուրասիրելու պատրվակով, Ս. Գ.-ին տարել է Երեւանյան լճի մոտակայք, ապա գործով դեռեւս չպարզված երիտասարդի հետ առանձնազրույց ունենալուց հետո առաջարկել է անչափահաս Ս. Գ.-ին նրա հետ առանձնանալ ու ենթարկվել նրա կամքին: Սակայն անչափահաս աղջիկը հասկանալով Է. Թ.-ի հանցավոր մտադրությունը` դիմել է փախուստի: 

Այդքանից բացի,  Է. Թ.-ն տարբեր օրերի, իրենց կողմից վարձակալած  տանը Ս. Գ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ, այն է` ձեռքերով շոյել է վերջինիս մարմնի տարբեր մասերը` կրծքերը եւ ոտքերը:

Քրեական գործ է հարուցվել 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 132 հոդվածի 1-ին մասով եւ 142 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական հերթական քննությունը նշանակվել է նոյեմբերի 13-ին: