Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նոյեմբերի 3-ին ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) եւ Մարտին Չալֆին (ԱՄՆ), ովքեր պատրաստակամություն են հայտնել մեր երկիր այցի շրջանակներում ծանոթանալ Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին, իրենց փորձը կիսել տեղի մասնագետների հետ, հանրային դասախոսություններ կարդալ եւ կլոր-սեղան քննարկումներ անցկացնել հատկապես երիտասարդ գիտնականների համար:
Նախագահի մամուլի գարսենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է մեծանուն գիտնականներին եւ կարեւորել այն առաքելությունը, որով նրանք ժամանել են Հայաստան:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են գիտությամբ զբաղվելու երիտասարդության ձգտումները խրախուսելու, կրթության, գիտության ոլորտներում նվաճումներին, աշխարհի առաջավոր փորձին նրանց հաղորդակից դարձնելու ուղղությամբ աշխատանքի կարեւորությունը եւ հույս հայտնել, որ այդ առումով Հայաստանի երիտասարդության հետ Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների հանդիպումները հետաքրքիր ու օգտակար կլինեն:




























