Հայաստանի Ազգային Ժողովում այսօր շարունակվող բյուջետային քննարկումների ընթացքում թեժ քննարկումներ ծավալվեցին արտասահմանում գտնվող դեսպանատների գործունեության վերաբերյալ: Օրինակ, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը արտգործնածարարությանը մեղադրեց Սաֆարովի հարցում անգործության մատնվելու մեջ, քանի որ այդ դեպքին նախորդող ամիսներին Հայաստանը Հունգարիայում դեսպանատուն չուներ; «Մեքսիկայում Ալիեւի արձանն են դնում, եւ նոր միայն ԱԳՆ-ն հասկանում է, որ այդտեղ պետք է աշխատի: Այսինքն՝ եթե արձան չդնեին, Հայաստանը չէ՞ր հասկանա»,- հռետորական հարց ուղղեց . Փաշինյանը: Իսկ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ պետք է չէ տարվել բոլոր երկրներում դեսպանատներ բացելով եւ օրինակ բերեց հարուստ Նորվեգիային, որը Հայաստանում դեսպանատուն չի բացում ֆինանսների սղության պատճառով: Նրա կարծիքով՝ չպետք է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, որը 30 դեսպանատուն ավելի ունի, ու պետք է փորձել բացը լրացնել համատեղ դեսպանատներ բացելու միջոցով:
Է. Նալբանդյանը պատասխանեց, որ դեսպանի նշանակումը ցանկացած երկրում, այդ թվում՝ Հունգարիայում, ժամանակ պահանջող գործընթաց է: Նախ՝ 2-3 ամիս է պահանջվում ագրեմանի ստացման համար, այնուհետեւ 5-6 ամիս՝ հավատարմագրի ստացման համար: Նախարարը պնդեց, որ Ն. Փաշինյանը ուղղակի շահարկում է Սաֆարովի հարցը: Փաշինյանն էլ պատասխանեց, որ նախարարը չափից ավելի է օգտագործում «շահարկում» բառը:
Անդրադառնալով Մեքսիկայում դեսպանատուն բացելու նախաձեռնությանը, Է. Նալբանդյանն ասաց հետեւյալը. «Մեքսիկայում 6 տարի է՝ գործում է Ադրբեջանի դեսպանատունը: Մեկ օրով էի Մեքսիկայում, բացեցի իսպանալեզու մեքսիկական թերթերը, 16 հոդված միայն Ադրբեջանի մասին էր: Առաջին, երկրորդ, երրորդ էջերի վրա Ադրբեջանի նախկին նախագահի նկարներն էին՝ որպես դիկտատոր, եւ այդ երկիրը ներկայացվում էր որպես կոռումպացված երկրներից մեկը եւ ոչ ժողովրդավար: Ծիծաղելի էին համարում այն գրությունը, որ դրվել էր արձանի տակ, անգլերեն shining՝ փայլատակող մի օրինակ, ջատագով ժողովրդավարության ու մարդու իրավունքների ողջ աշխարհում եւ այլն: Դա սկանդալ էր առաջացրել, այս այցելության արդյունքում քաղաքապետարանը որոշում ընդունեց համապատասխան հանձնաժողով ստեղծել՝ վերանայելու այդ որոշումը; Մենք բավական զուսպ էինք արտահայտվել մեր մամլո հաղորևդագրությունների մեջ, թույլ կտամ ասեմ, որ պառլամենտի 2 պալատներում էլ ներողություն խնդրեցին հայտարարությունների համար, եւ արտգործնախարարությունում ներողություն խնդրեցին այն ամենի համար, ինչ արվել էր Մեքսիկայում»:
Ինդոնեզիայի վերաբերյալ էլ Է. Նալբանդյանն ասաց, որ ամենախոշոր իսպամական պետությունն է՝ 250 մլն բնակչությամբ, որի 86%-ը դավանում են իսլամ: Ադրբեջանական դեսպանատունը այնտեղ վաղուց է գործում, եւ այդ երկրի խորհրդարանը մի քանի ոչ հայանպաստ հայտարարություններ է արել: Ի դեպ՝ Ինդոնեզիայում դեսպանատուն բացելու նախաձեռնությանը հավանություն տվեց նաեւ նախկին արտգործնախարար, ներկայում ընդդիմադիր Ա. Արզումանյանը;




























