Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը՝ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը չհակասելու մասին` չնայած ՍԴ-ի այդ որոշման շուրջ Թուրքիայի հնչեցրած դժգոհություններին։

«Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից», — «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը եւ հավելել. «Դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրությունները, այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների եւ ստորագրման պահին, տանել խորհրդարան` վավերացման։ Որեւէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ որ կերպ բնորոշում է արձանագրությունները»: Ամերիկացի պաշտոնյան նաեւ վստահություն է հայտնել, որ Թուրքիան եւ Հայաստանը «լրջորեն են մոտենում իրենց պարտավորություններին», եւ կոչ է արել «ողջամիտ ժամկետում վավերացնել արձանագրությունները»:

Հիշեցնենք, որ թուրքական կողմը Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ հունվարին 12-ին հայ-թուքրական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ որոշման մասին հայտարարություն էր տարածել, թե դրանք հակասում են արձանագրությունների ոգուն եւ տառին, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր ՍԴ որոշումը չփոխելու դեպքում վիժեցնել հայ-թուրքական գործընթացը: Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանն օրերս զանգահարել էր թուրք գործընկերոջն ու իր տարակուսանքը հայտնել թուրքական կողմի վարմունքի կապակցությամբ: «Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- նշել էր նա: