«Հայասա» հասարակական կազմակերպությունը, որը միավորում է Հայաստանում գրանցված բոլոր ազգային փոքրամասնություններին, նոյեմբերի 2-4-ին ժամանել է Արցախ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային փոքրամասնությունների միջեւ կապերն ամրապնդելու, ԼՂՀ-ի պաշտոնական անձանց հետ հանդիպելու եւ մի շարք ծրագրեր ներկայացնելոփւ նպատակով:

Երիտասարդների պատվիրակությանն Արցախում առաջինը դիմավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդատու Գրիգորի Գաբրիելյանցը, ով հանդիսանում է տվյալ այցելության կազմակերպիչը: Այնուհետեւ երիտասարդներին հյուրընկալել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով խիստ կարեւորելով նման հանդիպումները ողջունել է երիտասարդների նման նախաձեռնությունը, նրանց հետ քննարկել հետագա ծրագրերը, ինչպես նաեւ ներկայացրել ԼՂՀի ներկայիս իրավիճակը:

«Արցախում միշտ էլ հարգանքով են վերաբերվել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Արցախցին, որ միշտ ազգային ինքնության պահպանման խնդիր է ունեցել Ադրբեջանի կազմում, լավ գիտի այլ ազգի սովորույթներն ու ավանդույթները հարգելու արժեքը»,-ընդգծել է նա:

Այցելություններ են տեղի ունեցել նաեւ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի մշակութային կենտրոն, որտեղ անցկացվում են պարի, երգի եւ օտար լեզուների դասեր: Երիտասարդ պատվիրակության անդամները ծանոթացել են Ստեփանակերտի պետական երգչախմբի, պարի խմբի ներկայացուցիչների հետ, նրանց հետ սովորել են երգել եւ պարել հայկական ազգային պարերն ու երգերը, յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատրաստել է նաեւ իր ազգային ճաշատեսակները՝ հյուրասիրելով եւ իրենց ազգային յուրահատկություններին ծանոթացնելով արցախցիներին:

Երիտասարդներն այցելել են Գանձասար, Տիգրանակերտ, հանդիպումներ ունեցել նաեւ ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղբալյանի հետ, ով իր խոսքում ընդգծել է. «Մենք պետք է ԼՂՀ-ում գրանցված ազգային փոքրամասնություններին հնարավորություն տանք ներկայացնել իրենց ազգային յուրահատկությունը: Կողք կողքի ապրելով, մենք պետք է ճանաչենք իրար, քանի որ կյանքի բերումով մեր ճանապարհները խաչվել են: Կարծում եմ, որ այս այցը կնպաստի դրան, ինչպես նաեւ մեր ապագա ծրագրերը»:

Վերջում ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները փոխանակվեցին նվերներով: Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն նախարարությանը հանձնեց իրենց ազգային խորհրդանիշ ներկայացնող հուշանվերներ:

«Հայասա» հկ-ի նախագահ Սուրեն Մկրտչյանը եւ գլխավոր քարտուղար Կարինե Սահակյանը նշել են, որ արցախյան այցելության շրջանակներում մշակվել են հետեւյալ ծրագրերը.

1. Արցախում բացել ազգային փոքրամասնությունների երիտասարդներին համախմբող որեւէ ուղղություն

2.Հաշվի առնելով Հայասա կազմակերպության միջազգային փորձը եւ բազմաթիվ երկրներ ատարած այցելություններըը, հենց Արցախում կազմակերպել միջազգային կոնֆերանս, որտեղ առաջին ձեռքից կներակայցնվի ղարաբաղյան հարցը օտարերկրյա երիտասարդներին

3. Արցախում կազմակերպել քաղաքագիտական դպրոց:

Նրանց խոսքով, ծրագրվում է նկարահանել նաեւ արցախցի երիտասարդի առօրյան ներկայացնող սոցիալական գովազդ:

«Ծրագրերը դեռ գտնվում են բանակցային փուլում, սակայն նրանք գնալով ավելանում են»,-վերջում հավելել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ «Հայասա» հասարակական երիտասարդական կազմակերպությունը նոյեմբերի 20-ին կնշի իր գործունեության 2000-րդ օրը: