Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 6-ին, տեղի է ունեցել «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում շարունակել է ցուցմունք տալ գործով տուժող, բժիշկ Արտակ Բայադյանը, ով եւս ծեծի է ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Նա կրկին անգամ հայտարարել է, որ իրենց ծեծողները եղել են 15-20 հոգի, այնինչ հիմա ամբաստանյալի նստարանին ընդամենը 6 մարդ է նստած:
Ամբաստանյալներից մեկի՝ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հար է ուղղել, թե արդյոք ամեն ինչ ճիշտ նույնկերպ կավարտվեր, եթե Վահե Ավետյանը մատուցողին հարց չտար, ինչին Արտակ Բայադյանը պատասխանել է, որ իր կարծիքով ամեն բան նախապես պլանավորված է եղել, քանի որ Վահեն հարց տալիս ագրեսիվ չի եղել, անգամ ժպտացել է: «Սա պատրվակ էր: Պլանավորված էր այն, ինչ տեղի ունեցավ վերջում»,- ընդգծել է Արտակ Բայադյանը:
Ամբաստանյալների պաշտպանները մանրամասն հարցեր են ուղղել, մասնավորապես, թե որքան խմիչք են պատվիրել, որքան են խմել եւ այլն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):





























