«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը բավականին լուրջ եւ վտանգավոր զգուշացում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի արձագանքն այն հարցի առնչությամբ, թե ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը չի հակասում հայ-թուրքական արձանագրությունների ոգուն։
Նրա կարծիքով, ամերիկյան կողմն իր հայտարարությամբ հասկացնել է տվել, որ պետք է վավերացնել այն, ինչն ի սկզբանե ստորագրված է եղել, եւ ոչ մի բան ավել։ «Այսինքն Հայաստանին հստակ ուղերձ է եկել, որ վավերացման գործընթացում որեւէ վերապահում չլինի։ Այս կերպ հօդս են ցնդում բոլոր այն հույսերը, թե արձանագրությունները ԱԺ-ում վավերացնելիս կարող են ինչ-ինչ վերապահումներ կիրառվել»։
Հարցին, թե Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը նախազգուշացում էր ավելի շատ հայկակա՞ն, թե, այնուամենայնիվ, թուրքական կողմի համար, Ստեփան Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ երկու կողմերի համար էլ. «Որովհետեւ եթե մի կողմը նախապայմաններ կամ վերապահումներ առաջ քաշի, դա կանի նաեւ մյուս կողմը։ Հետեւաբար նախազգուշացումը հավասարապես վերաբերում է երկու կողմերին էլ»,- ամփոփեց նա։




























