«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում տեղյակ չեն, որ «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է միջխորհրդարանական խմբերից եւ հանձնաժողովներից հետ կանչել նույն խմբակցության պատգամավորներ՝ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:

Թե ինչ է պատրաստվում նման որոշման դեպքում ձեռնարկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, մամուլի քարտուղարը խորհուրդ տվեց նախ սպասել զարգացումներին եւ չառաջնորդվել «եթե»-ներով: «Ըստ այդմ կտեսնենք` որն է լինելու մեր քայլը, մենք որեւէ բան չունենք անելու, արդեն հայտարարել ենք, որ կաշկանդված չենք »Ժառանգության» գործունեությամբ եւ որոշումներով, ներկայացնելու ենք «Ազատ դեմոկրատների» շահերը ԱԺ-ում` ֆորմալ առումով առայժմ մնալով «Ժառանգությունում»,-ասաց նա:

Անժելա Խաչատրյանը հիշեցրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը «Ժառանգություն» կուսակցությունը չէ, այն բաղկացած է երեք միավորից` «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» եւ հանրային սեկտոր: «Ազատ դեմոկրատներին» չեն հայտնել, թե երբ եւ ինչ ֆորմատով է նման որոշում կայացվելու: 

«Մենք չենք ուզում որեւէ լարում, որեւէ սրում երկու կուսակցությունների մեջ, չենք ուզում, որ խնդիրը մեծ աղմուկ առաջացնի եւ հրապարակային քննարկման առիթ հանդիսանա: «Ազատ դեմոկրատներն» այսքան ժամանակ աշխատել է քաղաքական կոռեկտության շրջանակներում անել ամեն ինչ, որպեսզի խնդիրը չտանի լարման»,-ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել է, թե ըստ ԱԺ-ում շրջող լուրերի, «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է միջխորհրդարանական խմբերից եւ հանձնաժողովներից հետ կանչել նույն խմբակցության պատգամավորներ՝ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ ԱԴ անդամ Ալեքսանդր Արզումանյանին։

«Երեկ մեր թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրել է՝ կարո՞ղ է նման բան լինել, նա պատասխանել է. «Այո, կարող է լինել այդպիսի բան, բայց ավելի ստույգ այդ հարցին կպատասխանենք շաբաթվա վերջում»: