ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն արձագանքել է ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան հայտարարությանը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ Հայաստանում կառավարման համակարգն ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ, որտեղ նա գովերգում է միահեծան եւ ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը:
Ստորեւ ներկայացնում ենք Արտակ Զաքարյանի արձագանքը:
«Հարկ եմ համարում անդրադառնալ Վարդան Օսկանյանի մի շարք ֆեյսբուքյան դատողություններին, բայց ոչ ֆեյսբուքյան էջերով:
Նախ անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսին մեջբերելով լավ կլիներ ասվեր հոբսյան տեսության ողջ էությունը, ոչ թե մեկ դրույթ` ինչը կապ չունի ոչ Հոբսի կողմից առաջ քաշվող եզրահանգումների ու գաղափարաբանության, ոչ էլ առավել եւս մեր պետության ու կառավարման համակարգի հետ: Առանձնահատուկ ցանկանում եմ շեշտել, որ Հոբսը պետությունը դիտարկում է որպես մարդկանց երկարատեւ համաձայնություն, ինչը վերջ դրեց նախապետականության իրավիճակներում առկա «բոլորի պատերազմը բոլորի դեմ» մոդելին: Հոբսը իր բոլոր աշխատություններում եւ հատկապես Օսկանյանի կողմից նշված «Լեւիաթանում» հիմնվում է բոլոր մարդկանց ի սկզբանե հավասարության սկզբունքի վրա, եւ միայն առանձին մարդիկ են սահմանափակում իրենց ազատություններն ու իրավունքները հանուն պետության, որի նպատակը խաղաղության եւ անվտանգության ապահովումն է: Ուստի կարիք չկա փորձել թյուրիմացությունների մեջ գցելու միջոցով կարգապահության եւ պետության կողմից սահմանվող ընդհանուր իրավունքների ու պարտականությունների կիրառումը կապել կառավարման դաժանության ու անարդարության հետ: Իսկ Հոբսի էթիկան ելնում է մարդու անփոփոխ եւ զգացական բնությունից: Հոբսի տեսության հիմքերից մեկն էլ ինքնապաշտպանության ու կարիքների բավարարմանը ձգտելու «բնական օրենքն» է: Դրա համար էլ Օսկանյանը եւ իր կուսակցությունը նախորդ ընտրություններում պարբերաբար խոստումներ էին տալիս, որոնք վերաբերվում են մարդկանց կարիքների բավարարմանը, ոչ թե տարբեր փիլիսոփաների եւ իրականության միջեւ իր ներկայիս պատկերացրած տարբերություններին: Եվ մի բան էլ, Հոբսը նշում է, որ իր բովանդակությամբ բարոյական պարտքը համընկնում է քաղաքացիական պարտավորությունների հետ, ինչն էլ ելնում է հասարակական դաշինքից կամ ինչպես հաճախ ընդունված է ասել, սոցիալական պակտից: Սրա մասին է պետք մտածել:
Ըստ էության պետք է ասեմ նաեւ, որ տեսության մեջ Օսկանյանի կողմից մեջբերված հոբսյան եւ լոքյան մոտեցումները միմյանց չեն հակասում, այլ ընդհակառակը, փոխլրացնում են: Իսկ ամենատարօրինակը մեր ընդիմախոսի եզրակացությունն է` ըստ որի կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը թափանցիկ է դարձնելու որոշումների կայացումը եւ մեծացնելու է պատասխանատվության բեռը: Երկու պարզ դիտարկում անեմ Ձեր պնդումների անհիմն լինելն ապացուցելու համար. նախ մեզ շատ ծանոթ գործով ԵՄ անդամ ու խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովի հանձնումը բոլորովին էլ թափանցիկ որոշման արդյունք չէր: Եվ հակառակը` կառավարման նախագահական ու կիսանախագահական համակարգերում բոլորովին էլ փակ չեն որոշումների կայացման մեխանիզմներն ու քաղաքական պատասխանատվության չափաքանակները: Օրինակ` Հայաստանյան կոալիցիաներում որոշ քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվությունը ներկայումս գործող համակարգում էլ պակաս չի եղել, սակայն պատասխանատու վերաբերմունքի պակասը որոշների դեպքում ակնհայտ է եղել: Երկրորդը` քաղաքական ուժերի պատասխանատվությունը մեծացնելու մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ ամբողջովին կայացած կլինի կուսակցական համակարգը: Այսօր շատ քիչ կուսակցություններ կարող են խոսել կայացած լինելու եւ պատասխանատվություն ստանձնելու մասին: Դրա համար միայն նյութական կամ մարդկային ռեսուրսները բավարար չեն, այլ առաջին հերթին անհրաժեշտ են կայացած քաղաքական գործիչներ, ովքեր պետական ու հասարակական շահը ի զորու են բարձր դասել ամենատարբեր շահերից:
Ինձ համար տարօրինակ է նաեւ Օսկանյանի վերջին պնդումը ուժեղ նախագահի մասին: Չէ որ մարդկության պատմության մեջ եւ հատկապես պետությունների կայացման ու հզորացման մեջ առաջնահերթ դերակատարություն է ունեցել եւ ունի առաջնորդի անձի որակները: Բոլոր հաջողված նախագահներն էլ իրենց պատմության մեջ մնացել են որպես խարիզմատիկ, ուժեղ, սկզբունքային ու որոշումների կայացման ընդունակ լիդերներ: Տարօրինակ է, որ երկար տարիներ լինելով պետական ու քաղաքական կառավարման մեջ, դուք հիմա հակադրվում եք պարզագույն ճշմարտություններին: Հիշեք պարոն Օսկանյան, առավել եւս ճգնաժամեր ապրող ժամանակակից աշխարհում ուժեղ, փորձառու եւ վստահություն վայելող առաջնորդ բոլոր երկրներին է անհրաժեշտ` անկախ կառավարման ձեւից»:
Նշենք, որ Վարդան Օսկանյանն իր վերը հիշատակված հայտարարությունն ամփոփել էր հետեւյալ պարբերությամբ. «Հաճախ է ասվում, որ մեզ պետք է այնպիսի ուժեղ նախագահ, որը կարողանա ձեռքը խփել սեղանին եւ հարցեր լուծել: Ես բացարձակապես դեմ եմ այդ մտքին: Մեզ պետք է այնպիսի քաղաքական համակարգ, որը երբեք թույլ չի տա՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ «ուժեղ մարդը» ձեռքը խփի սեղանին եւ հարց լուծի»:





























