Խորհրդարանական համակարգին անցնելու հարցի վերաբերյալ քննարկումներ սկսելու հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական տեսակետն է, ոչ թե խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասնավոր կարծիքը:
Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երբ ինքը ներկայացնում է իր անձնական տեսակետը, անպայմանորեն նշում է, որ դա իր անձնական տեսակետն է, օրինակ` երբ վերջին խորհրդարանական ճեպազրույցներից մեկի ժամանակ ներկայացնելով իր անձնական տեսակետը` նշել էր, թե ճիշտ կլինի, որ խորհրդարանական ընտրություններում նման քվե ստացած քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, իր սեփական թեկնածուով մասնակցի ընտրություններին եւ իր անձնական մասնավոր տեսակետով` ճիշտ կլինի այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը:
«Երեկվա հայտարարության մեջ հստակ ասված է, որ ԲՀԿ-ն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին սկսել քաղաքական քննարկումներ` մի քանի համակարգային լրջագույն խնդիրների շուրջ: Առնվազն զարմանալի կլիներ, որ դա լիներ իմ տեսակետը, եւ ես` որպես պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, հայտարարեի եւ առաջարկեի քաղաքական ուժերին, որ սկսեն քաղաքական կոնսուլտացիաներ նման կարեւարագույն խնդիրների շուրջ: Խնդիրը քննարկվել է կուսակցության քաղաքական խորհուրդում, սա կուսակցության կողմից ձեւավորված մոտեցում է, ձեւավորված առաջարկներ են»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այսօր արդեն ինքը դիմել է մի քանի կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչներին` առաջարկելով քաղաքական քննարկումներ սկսել իրենց առաջարկած եւ նաեւ նրանց կողմից առաջարկող կարեւորագույն հարցերի շուրջ: «Վաղը մյուս օրը մենք կդիմենք մյուս քաղաքական ուժերին եւս, եւ այն քաղաքական ուժերը, որոնք կարձագանքեն մեր առաջարկին, կսկսենք քաղաքական քննարկումները: ԲՀԿ-ն առաջարկում է որպես քննարկումների սկիզբ այս հիմնահարցերը, բայց մենք պատրաստ ենք լսելու նաեւ սեղանին դրված այն հարցերը, որոնք կներկայացնեն մնացյալ քաղաքական ուժերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում նշել է. «Նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել եւ, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդում այդ հարցի շուրջ մենք ունենում ենք քննարկումներ։ Ասեմ, որ այդ քննարկումներում կուսակցության քաղաքական խորհուրդը առաջնային է համարում ընտրությունների բովանդակությունը, օրակարգային հարցերը ու, բնականաբար, կարեւորագույն հարցերից մեկն այն է, թե ի՞նչ է առաջարկվելու հասարակությանը: Մենք մինչ անձերին անդրադառնալը, առավել կարեւորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական եւ հասարակական շահագրգիռ շրջանակների հետ:
Այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձեւավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից եւ դնել զարգացման առողջ եւ ճիշտ ուղու վրա:
Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները՝ մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բաձրացման, եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար:
Այս ճանապարհին մենք կարեւորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը:
Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017 թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի:
Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից եւս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման եւ համագործակցության լուրջ գաղափարական հենք:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյո՞ք կա հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ»:





























