«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի արած հայտարարությունը կարող է դառնալ միջկուսակացական ձեւաչափով քննարկման թեմա, եթե այդ դիրքորոշման մասին հստակ հայտարարվի կամ այդ կուսակցության ղեկավար մարմնի, կամ առնվազն կուսակցության ղեկավարի կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որում քաղաքական ուժերին առաջարկվում էր քաղաքական քննարկումներ սկսել` խորհրդարանական կառավարման եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Հայաստանում խորհրդարանական պետական կառավարման համակարգ եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ թեման նոր չէ, 20-22 տարի է` այն եղել է, եւ դա «Ժառանգություն» կուսակցության ծրագրային ամենակարեւոր դրույթներից մեկն է, որն առաջիկա նախագահական ընտրություններում եւս իրենց թեկնածուն կներառի իր ծրագրում: Նա նշեց, որ ողջունելի է, որ մեծանում է այս տեսակետը կիսողների թիվը եւ առաջիկայում ավելի շատ համախոհներ կլինեն այս հարցերի հետ կապված:
«Ինչ վերաբերում է միջկուսակացական բանակցություններին, սովորաբար ընդունված է, որ նման կարեւորագույն հարցերը պետք է արտահայտվեն կուսակցության ղեկավար մարմնի կամ առնվազն նրա ղեկավարի կսղմից, եւ այդ դեպքում ակնհայտ է, որ դա կուսակցության տեսակետն է: Հնարավոր է առանձին անհատներ, թեկուզ կուսակցական, ունենան այդպիսի ցանկություն եւ ցանկանան արտահայտել»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանի խոսքով` քաղաքագիտության նորմերից ելնելով` կան կուսակցական արարողակարգեր, ըստ որի եթե կուսակցությունը փոխում է իր դիրքորոշումը ինչ-ինչ հարցերում, ապա դա պետք է արտահայտվի ղեկավար մարմնի կամ ղեկավարի կողմից:
Ամեն դեպքում, «Ժառանգությունը» պատրաստ է ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ բոլոր ուժերի հետ քննարկել իրենց կողմից վաղուց արտահայտված մոտեցումները, եթե, իհարկե, դրանք պայմանավորված չեն քաղաքական կոնյուկտուրայով եւ իմիտացիոն բնույթ չեն կրում: Կոնկրետ այս դեպքում, նրա խոսքով, ժամանակը ցույց կտա, առկա է քաղաքական կոնյուկտուրա, թե՝ ոչ:
ԲՀԿ-ի առաջարկի վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցությունը իր տեսակետը կարտահայտի վաղը հրավիրված ասուլիսին, որի ժամանակ նաեւ հայտարարություն կտարածեն նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Նշենք, որ Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկով նախօրեին հանդես է եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է. «Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բաձրացման, եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար:
Այս ճանապարհին, մենք կարեւորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը:
Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի:
Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից եւս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման եւ համագործակցության լուրջ գաղափարական հենք:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյոք կա՞ հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ»:





























