Google Books ծառայությունում հայկական թեմայով գրականությունը կազմում է մոտ 6,010,000։ Այս քանակության ֆայլեր է ներկայացվում Armenian որոնման բառի դեպքում, իսկ Armenia քիվորդով որոնման դեպքում, համակարգը Google Books-ում գեներացնում է 8,340,000 ֆայլ։ Նշենք, որ Հայաստանը հարեւան երկրների վերաբերյալ գրականության քանակով այս ծառայությունում զբաղեցնում է միջին դիրք։

Azerbaijani որոնելիս ծառայությունը 268,000 արդյունք է տրամադրում, իսկ Аzerbaijan-ի դեպքում՝ 3,430,000։ Georgian քիվորդի արդյունքը 5,130,000 է, իսկ Georgia-ի դեպքում 50,500,000 ֆայլ։ Պետք է նշել, որ բայց այս դեպքում համակարգը ներկայացնում է ԱՄՆ Ջորջիա նահանգի եւ Վրաստանի մասին գրականությունը միասին։

Turkey-ի որոնման դեպքում 39,200,000 ֆայլ է գեներացվում, իսկ Turkish-ի դեպքում 22,000,000 ֆայլ։ Iran որոնելու դեպքում Google Books-ում առաջարկվում է 21,700,000 ֆայլ, իսկ Iranian-ի դեպքում 5,690,000 ֆայլ։

Հատկանշական է, որ հայկական թեմայով գրքերի հեղինակների զգալի մասը հայեր չեն, իսկ հայազգի հեղինակների գերակշիռ մեծամասնությունը սփյուռքահայեր են։ Այսինքն՝ հայաստանցի հեղինակների գրքեր Google Books ծառայությունում գրեթե չկա։ Սա այն պարագայում, երբ թուրքերի, վրացիների ու ադրբեջանցիների վերաբերյալ գրականությունը հիմնականում այդ ազգերի հեղինակների անգլերեն թարգմանություններ են։ Ընդ որում՝ հարեւան պետությունների եւ այդտեղ ապրողների մասին գրականությունը ի տարբերություն հայկականի, մեծամասամբ նոր գրված գրքեր եւ թարմ հրատարակություններ են։

Տպավորություն է ստեղծվում, որ հայաստանցի հեղինակները պարզապես անգլերեն չգիտեն, կամ չեն հասկանում անգլերենով Հայաստանի եւ հայերի մասին հայաստանյան գրականության թարգմանության եւ էլեկտրոնային տարբերակի հրատարկման կարեւորությունը։

Հիշեցնենք, որ այս տարի Երեւանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք։

Չնայած այս հանգամանքին՝ Google-ում Armenian literature online որոնելիս խիստ սահմանափակ թվով աղբյուրներ են առաջարկվում, որոնցում անգլերեն թարգմանությամբ հայ գրականություն գրեթե անհնար է գտնել։ Լավագույն դեպքում դրանք ռուսերեն են։