ՀՀ նախագահի հանձնարարությամբ` ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սեղմ ժամկետներում եւ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարում է աշխատանքի մրցույթ` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Մրցույթը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում կընտրվեն այն հայտերը, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին: Երկրորդ փուլի համար ընտրված հայտերի հիման վրա մրցույթին դիմած քաղաքացիները կհրավիրվեն բանավոր հարցազրույցի: Երրորդ փուլ անցնելու դեպքում մասնակիցները կհանձնեն ստուգարք` համակարգչային գիտելիքների եւ լեզուների իմացության աստիճանը բացահայտելու եւ ըստ անհրաժեշտության ուսումնական (վերապատրաստման) խմբերի բաշխելու նպատակով: