Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 6-ին, տեղի է ունեցել «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում շարունակվել է գործով տուժող, բժիշկ Արտակ Բայադյանի հարցաքննությունը, ում հարցեր են ուղղել ամբաստանյալների փաստաբանները:
Նրան տրվող հարցերի գրեթե կեսը դատավորի կողմից առարկության հանդիպեց եւ չտրվեց տուժողին: Հարցերի մի մասն էլ կրկնվում էր, ինչի կապակցությամբ տուժողը որեւէ պատասխան չէր տալիս, հնչեցվող հարցերին պատասխանելիս նա մեկ անգամ եւս վերապատմեց կատարվածը` ներկայացնելով մանրամասներ: Օրինակ` Արտակ Բայադյանը պատմեց, որ Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին ճանաչել է 4 տարի, Գարիկ Սողոմոնյանին՝ 2 տարի եւ որ Վահեի հետ ավելի մոտ է եղել
Տեսնելով հակասություններ նախաքննության եւ դատաքննության տված ցուցմունքների միջեւ` ամբաստանյալների պաշտպանները միացան նախաքննական ցուցմունքը հրապարակելու պաշտպաններից մեկի միջնորդությանը: Դատավորը հրապարակեց ինչպես նախաքննության ժամանակ՝ հունիսի 19-ի, այնպես էլ հունիսի 30-ի լրացուցիչ ցուցմունքները: Տուժողին ուղղվող հարցերը վերաձեակերպելու դատավորի կոչը, ըստ էության, դուր չէր եկել ամբաստանյալների պաշտպաններին: Նրանցից մեկը հայտարարեց, որ դատավորին բացարկ հայտնելու համար իրեն անհրաժեշտ է ժամանակ: Հաջորդ դառական նիստը նշանակվել է նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):





























