Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջարկվող հարցերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա առանձնացրեց մի քանի կետեր` հիմնավորելով, թե ինչու չեն պատրաստվում քննարկել այդ հարցերը:

«1. Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն իրականացրել է լսումներ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ կապված եւ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը:

2. ԲՀԿ-ն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ համատեղ եղել է «Ընտրական օրենսգրքի» համահեղինակ, եւ մեզ համար տարօրինակ է այսօր նրանց այդ առաջարկները:

3. Ավելի քան տարօրինակ է, երբ նախագահական ընտրություններից առաջ իրենք խոսում են պառլամենտական համակարգի անցնելու մասին:

4. Կառավարման համակարգի ձեւը կարեւորագույն հարցերից մեկը չէ, որ դնենք քաղաքական օրակարգում, կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը: Ուստի, խորյհուրդ կտամ ընկնել ոչ թե ձեւի, այլ բովանդակության հետեւից: Ոչ ոք չի կարող ասել, որ պառլամենտական ձեւը ավելի վատն է, քան նախագահականը կամ վարչապետականը, աշխարհում բոլոր տեսակներից էլ կա:

5. Մենք չենք պատրաստվում մասնակցել այն պլատոնական սիրախաղերին, որոնք որ արդեն ակնառու են:

6. ՀՀԿ-ն ` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանում ամենազդեցիկ քաղաքակն ուժն է, եւ ինքն է ձեւավորում քաղաքական օրակարգը: Նման հարց մեր քաղաքական օրակարգում չկա»,- արձանագրեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց, որ ՀՀԿ-ի օրակարգում որեւէ մեկի հետ քաղաքական քննարկումներին մասնակցելու հարց չկա, բայց ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որը խոսել է պառլամենատական համակարգի մասին տարիներ շարունակ, եւ նրանց առաջարկությունների մեջ միայն այդ խնդիրը չէ, այլ բազմաթիվ խնդիրներ: «Դաշնակցության առաջարկները քիչ թե շատ տրամաբանական են, որովհետեւ նրանք իրենց առաջարկները ներկայացրել են տասնամյակներ շարունակ թե պալամանետական, թե հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված»,- ասաց նա: Մամուլի քարտուղարի խոսքով` եթե  ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միացնեն իրենց առաջարկները, ավելի հետաքրքիր բան կստացվի, քանի որ ԲՀԿ-ն եղել է հայ-թուրքական արձանագրությունների ջատագովներից մեկը: «Եկեք հետեւենք  տարբեր ուժերի պլատոնական սիրախաղին, որպեսզի հասարակությունը վերջում ականատես լինի տարբեր քաղաքական ուժերի դիմակազերծմանը»,- նշեց նա:

Նշենք, որ օրերս ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: Հանդիպումները արդեն մեկնարկել են, օրինակ` ԲՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հանդիպել են ՀՅԴ ԳՄ անդամների հետ: