Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Ակադեմիա» պատկերասրահում դիտել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին:
Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի օրհնությամբ, նախագահ Սերժ Սարգսյանի հովանո ներքո կազմակերպված ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել «Ակադեմիա» պատկերասրահում նոյեմբերի 10-ին։ Արա Գյուլերը որոշ խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել Երեւանում իր աշխատանքների ցուցադրությանը։ Ցուցադրության են ներկայացված Արա Գյուլերի՝ Հայաստանում արված լուսանկարները։
Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:






























