Թուրքիան պատմական քայլ է կատարել՝ հոկտեմբերի 10-ին ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն ու մեկնաբանությունները պատային իրավիճակ են ստեղծել, կարծում է թուրքական Today’s Zaman թերթը:
Պարբերականը նշում է, որ «Հայաստանի կառավարությունը գնաց իր երկրում որոշակի ուժերի ցանկությամբ, եւ ՍԴ-ն այնպիսի որոշում կայացրեց, որը նպատակ ուներ բավարարել ներքին լսարանին ու հայկական Սփյուռքին: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ զիջումների գնալ չցանկացողները փորձում են վիժեցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Համաձայն մի շարք նախկին թուրք դեսպանների, կարելի է արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը դարձավ սիրողական եւ երկրորդ կարգի մի կառույց», եզրակացնում է Today’s Zaman-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՍԴ-ն հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրությունները ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: ՍԴ որոշման ամբողջ տեքստը, ըստ թուրքական կողմի, որոշ նախապայմաններ է պարունակում, որոնք հակասում են արձանագրությունների տառին եւ ոգուն եւ կասկածի տակ են դնում արձանագրությունների հետագա քննարկման նպատակահարմարությունը:




























