Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող պայմանավորված լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հունվարի26-ին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ իշխանությունները կատարվածից դասեր են քաղել։ Նա կասկածում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը միայն իրավաբանական մտքի պտուղ է։ «Կարծում եմ, որ այն քաղաքական փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, թե Հայաստանը դեռեւս զգոն է այս հարցի նկատմամբ։ Ղարաբաղի հարցում այդ զգոնությունը թույլ չի տա սխալ գործել»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ երեկ տեղի ունեցած հանդիպմանը, Կարապետյանը նշել է, որ այդ հանդիպումը ոչնչով չի տարբերվում նախորդներից։ «Կարծում եմ՝ մինչեւ հարցի լուծմանը հասնելը՝ անցնելու շատ ճանապարհ կա»,- նշել է նա։