Հունվարի 26-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը դրական է գնահատել հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները: Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նրանք վստահություն են հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդյունավետ եւ բարձր մակարդակով: Երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման վերաբերյալ: Նաեւ անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Նալբանդյանն ու Մոթթաքին արծարծել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Մոթթաքին ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը: Նա, իր հերթին, Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները: