Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Սահմանդրական դատարանի որոշման մեջ անընդունելի կետերի կապակցությամբ որոշել է իրավական երաշխիքներ ստանալ Հայաստանից:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունը իրավական երաշխիքների հետ կապված խնդրի շուրջ արդեն սկսել է աշխատանքներ ԱՄՆ-ի եւ գործընթացում միջնորդ հանդիսացող Շվեցարիայի հետ:
Չնայած Հայաստանի կողմից արած հայտարարության, որ ՍԴ-ի որոշումը չի ազդի գործընթացին` Թուրքիան ցանկանում է այդ կապակցությամբ Երեւանից իրավական մի փաստաթուղթ ստանալ: Թուրքիան իր հերթին պատրաստում է իրավական մի փաստաթուղթ, որտեղ կներկայացվի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման եւ ստորագրված արձանագրություններում անհամապատասխանելի կետերի առկայությունը:
Անկարան ցանկանում է, որ ԱՄՆ-ն եւ Շվեցարիան եւս դառնան այս գործընթացի մասնակից: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցում Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան Երեւանից առանց գրավոր իրավական ձեւակերպմամբ փաստաթուղթ ստանալու` չի վավերացնի արձանագրությունները:
Անկարան խնդրո առարկա իրավական աշխատանքների հետ կապված կդիմի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Եվրամիությանը: Թուրքիան կփորձի ներկայացնել, թե ինչպես է Հայաստանը փորձում խուսափել արձանագրություններից: Հայաստանի ՍԴ-ի որոշումը Հայաստանի իշխանություններին պարտավորեցնում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակել ամբողջ աշխարհում, ինչը ամրագրված է Հայաստանի Անկախության հռչակագրում: Անկարան այս կետին կտրուկ արձագանքեց: Թուրք դիվանագետները համարեցին, որ այդ կետը հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն եւ պահանջեցին հավատարիմ մնալ ստորագրված արձանագրությունների տեքստին: Դիվանագիտական աղբյուրները նաեւ պնդում են, որ արձանագրություններում կա կետ պատմական համատեղ ենթահանձնաժողով ստեղծման վերաբերյալ եւ դարասկզբի իրադարձությունների ուսումնասիրությունը թողնվելու այդ հանձնաժողովի իրավասությանը, եւ այս տեսակետից Հայաստանի ՍԴ-ի որոշումը հակասում է արձանագրություններին, գրում է թուրքական Zaman-ը։




























