Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

ՀՀ նախագահն ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսության եւ անցկացվող խորհրդատվությունների կարեւորությունը:

Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նախագահ Սարգսյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ողջույնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ, որոնք ուղղված են երկու երկրների ղեկավարների միջեւ նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնությունների իրագործմանը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը եւ նշվել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների հարուստ պատմություն եւ զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մեր երկրի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ «դժվար օրերի բարեկամը նաեւ հեշտ օրերի լավ բարեկամ է»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար: