Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուն ցանկություն է հայտնել այցելել Հայաստան եւ Ադրբեջան: Այդ մասին Չավուշօղլուն հայտարարել է ադրբեջանական «APA»-ին տված հարցազրույցում:

«Բնականաբար, ես ցանկանում եմ ոչ միայն հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակություններին, այլեւ այցելել այդ երկրներ: Քանի որ մենք երկխոսության կողմնակիցն ենք, եւ անհրաժեշտ է վերականգնել կառուցողական երկխոսությունը: Մենք շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկն է, նաեւ խնդիր, որ խոչընդոտում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը",- հայտարարել է նա:

Չավուշօղլուն նշել է, որ ԵԽԽՎ-ն ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացում։ «Վերջին շրջանում այդ հարցում լուրջ ակտիվացում է նկատվում: Համանախագահները պետք է ավելի ակտիվանան, իսկ մենք մեր կողմից նրանց կաջակցենք», ասել է նա: