Թուրքիան դանդաղեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դրական գնահատեց Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ankarahaber լրատվական գործակալությունը։

Թուրքիան նախապատրաստում է իրավական մի փաստաթուղթ՝ ընդդեմ Հայաստանի ՍԴ-ի կողմից ընդունված որոշման, որտեղ կներկայացվի ՍԴ-ի որոշման եւ արձանագրությունների մեջեւ անհամապատասխանությունը։ Թուրքական իշխանությունները, չստանալով ԱՄՆ-ից սպասված աջակցությունը հիշյալ հարցի կապակցությամբ, որոշել են սպասողական դիրք ընդունել։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 27-ի Լոնդոնում կայանալիք Աֆղանստանին նվիրված համաժողովի ընթացքում մտադիր է անձամբ հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Հայաստանի ՍԴ-ի առաջացրած խնդրին։ Դավութօղլուն Քլինթոնին կներկայացնի, որ ՍԴ-ի որոշումը չի համապատասխանում արձանագրությունների տառին եւ ոգուն եւ կխնդրի ԱՄՆ-ին միջոցներ ձեռք առնել։