Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց նկատվի, ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կհաստատվեն։ Այս մասին ադրբեջանական АПА գործակալությանը հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։

Թուրք դեսպանի խոսքով, Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը մեծ ազդեցություն է ունեցել արձանագրությունների եւ դրանց տառի ու ոգու վրա։ Նա հիշեցրել է, որ այդ մասին ասել են թե՛ Թուրքիայի վարչապետը, թե՛ արտգործնախարարը։

Քըլըչը ընդգծել է, որ նրանք սպասում են Հայաստանի կողմից այդ թերությունը վերացնելուն։ «Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրությունների վերաբերյալ վճիռ է կայացրել, սակայն դրանք դեռեւս չեն ուղարկվել խորհրդարան։ Իսկ Թուրքիան փաստաթղթերը խորհրդարան ուղարկել է դեռեւս երկու ամիս առաջ։ Մենք այս գործում Հայաստանից առաջ ենք»,- հայտարարել է դեսպանը։

Քըլըչը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ անցագրային ռեժիմի վերացմանը՝ հայտարարելով, որ երկու երկրների միջեւ գոյություն ունի անցագրային ռեժիմի պարզեցման համաձայնագիր. «Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը որոշակի հավակնություններ ունի այդ փաստաթղթի նկատմամբ, սակայն կարծում եմ, որ համաձայնեցված պայմանագիր կա»։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Թուրքիան անցագրային ռեժիմը հանել է շատ երկրների հետ, այդ թվում նաեւ Սիրիայի, Հորդանանի եւ Լիբանանի հետ. «Լիբանանում բնակվում է բազմահազարանոց հայկական համայնք, եւ նույնիսկ կառավարությունում կա երկու հայ նախարար։ Չնայած դրան՝ նրանք հանել են անցագրային ռեժիմը մեր երկրի հետ»։