Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով գտնվում է Լոնդոնում եւ մասնակցել է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, որն անցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի, Միացյալ թագավորության վարչապետ Գորդոն Բրաունի եւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հովանու ներքո եւ մասնակցությամբ: Խորհրդաժողովին ներկա են եղել շուրջ 70 երկրների ԱԳ նախարարներ եւ 10 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, խորհրդաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հայտարարություն, որով վերահաստատել են միջազգային հանրության պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության եւ ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

Բացի այդ, Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանին: Վերջինիս հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, Հայաստան- ԵՄ համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիս Բրայանն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հյուսիսային Իռլանդիայում ընթացող գործընթացներին: Նրանք արծարծել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Բրայանը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը: