Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի փորձագետների կանխատեսմամբ, «չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»:
Ըստ փորձագետների՝ իրավիճակի լարվածության հիմնական պատճառներից են երկու կողմերից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները։
«Նախկինում այդպիսի հայտարարությունները հիմնականում Ադրբեջանից էին լսվում, այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- նշել են ամերիկացի փորձագետները։
«Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մի օր կարող են հայտնաբերել, որ գործ ունեն այնպիսի հակամարտության հետ, որը դուրս է եկել իրենց վերահսկողությունից»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նշել է «Stratfor»-ի եվրասիական տարածաշրջանի խնդիրներով զբաղվող վերլուծաբան Մարկո Պապիչը:
Պապիչի խոսքով, այս երեք պետությունները ուժեղացնում են իրենց դիրքերը տարածաշրջանում, եւ նրանց հետագա գործակցության ճակատագիրը մեծապես կախված է հենց Lեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումներից։ «Stratfor»-ի վերլուծաբանները նշում են, որ ղարաբաղյան բանակցությունների ճակատագրի վրա ազդող գործոնները մի քանիսն են. տարածաշրջանային գերտերություն դառնալու՝ Թուրքիայի ձգտումը, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, Իրանի եւ Հայաստանի պատմականորեն ձեւավորված դաշինքը։
«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիան ներգրավվի անլուծելի թվացող ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում։ Թուրքիայի ակտիվիությունը չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է կորցնել Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ունեցած ազդեցության լծակները։ Ավելին, Ադրբեջանը կարծես դանդաղորեն թեքվում է դեպի Ռուսաստանը՝ հայ-թուրքական բանակցությունների պատճառով իրեն դավաճանված զգալով»,- նշել է Պապիչը եւ հավելել. «Ստեղծված կացությունը կարող է շատ նման լինել 1914 թվականի Բոսնիայի իրադրությանը, երբ տեղական հակամարտությունը համաշխահային պատերազմի ծագման պատճառ դարձավ»:



























