2012 թվականին Նյու Յորքում գրանցված սպանությունների թվի ռեկորդային ցածր մակարդակ է արձանագրվել վերջին 50 տարվա ընթացքում: Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ քաղաքի ոստիկանության պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին:
Ըստ Agence France-Presse-ի՝ քաղաքապետը նշել է, որ 2012 թվականի ընթացքում քաղաքում կատարվել է 414 սպանություն, ինչը 19 տոկոսով քիչ է 2011-ի ցուցանիշից (նախորդ տարի Նյու Յորքում գրանցվել էր 515 սպանություն): Սա ամենացածր ցուցանիշն է 1963 թվականից ի վեր, այսինքն այն ժամանակից ի վեր, ինչ նման վիճակագրություն է տարվում:
Նյու Յորքի նախորդ «ռեկորդը» եղել է 2009 թվականին, երբ քաղաքում արձանագրվել է 471 սպանություն, գրում է Lenta.ru-ն:
Բլումբերգը նշել է, որ վերջին 11 տարիներին, որի ընթացքում ինքը ղեկավարել է քաղաքի վարչակազմը, սպանությունների թիվը նվազել է 35 տոկոսով: 1990 թվականից ի վեր դրանց թիվը նվազել է 5 անգամ (1990-ին գրանցվել էր 2260 սպանության դեպք):
Միաժամանակ, Բլումբերգի խոսքով՝ Նյու Յորքի փողոցներում 2012-ին ավելի քիչ են կրակել. արձանագրվել է 1353 նման դեպք: Քաղաքում բանտարկյալների թիվը 2001-2011 թվականների ընթացքում նվազել է 1/3-ով:





























