ԱՄՆ Կենտուկի նահանգում փրկարարները ողջ են գտել վեցամյա Ռոման Հեյլմանին, որը մի քանի օր անցկացրել էր ձյունածածկ անտառում։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է Metro պարբերականը։

Աուտիզմ ունեցող երեխան նոյեմբերի 1-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Նրա որոնումներին մասնակցել են հարյուրավոր կամավորներ։ Օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր ու ուղղաթիռներ, որոնումներին միացել են նաև հեծյալ կամավորներ։

Տղային հայտնաբերել են նոյեմբերի 3-ի առավոտյան՝ տնից մոտ 1,5 մղոն՝ շուրջ 2,4 կմ հեռավորության վրա։ Հեծյալ կամավորներից մեկի խոսքով՝ Ռոմանն ինքն է թփերի միջից դուրս եկել արահետ։ Նրա հետ փոքրիկ շուն է եղել, որն այդ ամբողջ ընթացքում մնացել էր երեխայի կողքին։ Տղայի մարմինը պատված էր փշերից առաջացած քերծվածքներով, սակայն ընդհանուր առմամբ նրա վիճակը լավ էր։

Ավելի վաղ որոնումների ընթացքում անտառում գտել էին երեխայի բաճկոնը, տաբատն ու տակդիրը։ Հայտնաբերման պահին նա հագուստ չի ունեցել։ Փրկվելուց կարճ ժամանակ անց տղային հանձնել են բուժաշխատողներին՝ զննության համար։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ միայն թեթև ջրազրկում է արձանագրվել։