Նյու Դելիում կրկին անհանգիստ է. բռնաբարված աղջկա մահվան լուրից հետո վրդովված բանակիչները դուրս են եկել փողոց, ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսօր՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան, ավելի քան 100 մարդ խաղաղ ակցիաներ են կազմակերպել. անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են մետրոյի 10 կայարաններ, քաղաքի կենտրոնում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Ցույցերը Նյու Դելիում չեն դադարում արդեն մեկ շաբաթ. հազարավոր հնդիկներ մահապատիժ են պահանջում խմբակային դաժան բռնաբարության մասնակիցների նկատմամբ եւ, նաեւ հանդես են գալիս ի պաշտպանություն կանանց իրավունքների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը լրացուցիչ հետաքննություն էր նշանակել Դելիում ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու խմբակային դաժան բռնաբարության գործով:

Հնդկաստանում սեռական բնույթի հանցագործությունների թվով Նյու Դելին առաջատարն է. ոստիկանության տվյալերի համաձայն՝ յուրաքանչյուր 18 ժամը մեկ իրենք բռնաբարության մասին ահազանգ են ստանում: Դեկտեմբերի 28-ին կառավարությունը հայտարարել է լայնամասշտաբ արշավի մասին, որն ուղղված է հնդիկ կանանց պաշտպանությանը, գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ դաժան բռնաբարության ենթարկված ուսանողուհին մահացել է Սինգապուրում, որտեղ տեղափոխվել են բուժման նպատակով:

6 հանցագործների համար մահապատիժ պահանջող ակտիվիստների եւ ոստիկանների բախումների արդյունքում տուժել է շուրջ 65 ցուցարար եւ 80 ոստիկան: Երեքշաբթի տուժած ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել էր: