Ֆրանսիական կառավարությունը հրապարակել է երկրում քրեական իրադրության ամենամյա հաշվետվությունը: Ըստ այդմ, 5-րդ հանրապետությունում գրանցվել է հանցագործության աննախադեպ վերելք: Այսպես, 2012 թվականի նոյեմբերին Ֆրանսիայում կատարվել է 295 հազար հանցագործություն: «Այս թվերի հետեւում թաքնված է բոլոր ուղղությունների ցուցանիշների վատթարացում. մարդկանց վրա հարձակումների թիվն ավելացել է 5%-ով, գողությունների թիվը` 7%-ով, բայց ամենաշատը` մոտ 30 հազար դեպք, աճ է գրանցվել տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունների առումով»,- գրել է «Լե Ֆիագրո» թերթը, հաղորդում է «ՎեստիՖՄ»-ը:
Թերթը նշել է նաեւ, որ տարվա երկրորդ կեսին Ֆրանսիայում աճել են նաեւ բռնություններն ու սպանությունները: Ոստիկանությունում սկզբում այդ սարսափելի ցուցանիշները փորձել են բացատրել նոր հաշվող համակարգով, որը «չի կարող սխալվել», սակայն, մամուլն իսկույն անհամապատասխանություն է գտել պաշտոնական բացատրությունների եւ փաստերի մեջ:
Ֆրանսիացի լրագրողները` մեկնաբանելով նոր տվյալները, բացահայտորեն քննադատել են սոցիալիստների կառավարությանը, որը չեղյալ է հայտարարել նախկին կառավարության մի շարք բարեփոխումներ:
Իսկ Ֆրանսիայում լույս տեսնող ամերիկյան «Ֆրոնթփեյջ Մագազին» թերթը հարցադրում է արել. «Հետաքրքիր է` վերջին տարվա տուժածներից քանի՞ տոկոսն է քվեարկել Ֆրանսուա Օլանդի օգտին»: Թերթը նոր կառավարությանն անվանել է «անիրազեկ, որը կարողանում է միայն խոստանալ եւ բարձրացնել հարկային դրույքաչափերը»:





























