Հնդկաստանի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 6 տղամարդկանց, որոնք երկու շաբաթ առաջ դաժանաբար բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհուն: Նրանց մեղադրում են սպանության մեջ, որի համար սադիստներին մահապատիժ է սպառնում, հաղորդում է НТВ -ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհը ցնցած սարսափելի դեպքը գրանցվել է դեկտեմբերի 16-ին՝ Նյու Դելիում: 23-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս է եղել կինոթատրոնից, երբ ավտոբուսում գտնվող տղամարդիկ սկսել են անհանգստացնել աղջկան: Արդյունքում նրանք հենց ավտոբուսում դաժանաբար բռնաբարել են աղջկան, այնուհետեւ խոշտանգել են մետաղյա ձողով:
Բուժման նպատակով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ուսանողուհուն հասցրել են Սինգապուր, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Այս հրեշավոր միջադեպը շոկի մեջ է գցել Հնդկաստանի բնակչությանը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով պաշտպանել կանանց եւ մահապատիժ սահմանել բռնաբարության համար:





























