Չինաստանում ռեստորանի այցելուն այրել է ստամոքսը՝ ուտելով ճաշացանկում եղած ամենակծու ապուրը: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Ուհան քաղաքում:

Ինչպես հաղորդում է MedikForum-ը, ռեստորանի 26-ամյա այցելուն իր համար mala soup է պատվիրել, որում առկա է սիչուանյան բիբար եւ շատ քանակի կծու տաքդեղ: Այս խառնուրդը ստամոքսի քարացման զգացողություն է առաջ բերում, որի համար էլ գնահատվում է գուրմանների կողմից: Որպես կանոն, ռեստորանում այն մատուցվում է երկու ափսեով, որից մեկում ապուրն է, մյուսում՝ սուր համեմունքները: Այսպիսով, այցելուն ինքն է ընտրում ապուրի կծվության աստիճանը:

Դեպքերի զարգացումը ցույց է տվել, որ չինական խոհանոցի սիրահար երիտասարդը ապուրին կծու ավելացնելիս չափն անցել է: Ապուրն ուտելուց հետո նա ստամոքսի ցավեր է ունեցել եւ սկսել է արյուն հետ տալ:

Անմիջապես շտապօգնություն են կանչել. բժիշկները հայտնաբերել են, որ կծու ապուրը անցք է բացել ստամոքսի պատին: Անցքը կարելու համար երիտասարդին անհապաղ բարդ վիրահատության են ենթարկել: