Հյուսիսային Կորեայում  19 տարիների ընթացքում առաջին անգամ լսել են ղեկավարի բանավոր ամանորյա ուղերձը: Երիտասարդ առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել հայրենակիցներին զարգացնել Տիեզերական տեխնոլոգիաներն ու ամրապնդել երկրի հզորությունը: Նախկինում Կիմ Չեն Ինը սահմանափակվել էր ամանորյա գրավոր շնորհավորանքներով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամանորյա ուղերձով հանդես գալով` նա ընդգծել է, որ ազգային տնտեսության բոլոր ճյուղերում անհրաժեշտ է «արտադրության ծավալներն արմատապես մեծացնելու նպատակով մշակել ընդհանուր առաջխաղացում»: Նրա խոսքով` հատուկ ուշադրություն պետք է հատկացնել  ազգային տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացմանը, ինչպիսիք են ածխի եւ մետալուրգիայի արդյունաբերությունները, էներգետիկան եւ տրանսպորտը: Գյուղատնտեսությունն ու թեթեւ արդյունաբերություը նույնպես մնում են «ընթացիկ տարվա տնտեսության կառուցման գլխավոր ճակատները»,- ընդգծել է Կիմ Չեն Ինը:

Նա նշել է, որ գյուղատնտեսության մեջ անհրաժեշտ է «բարձրացնել գիտական առաջատար միջոցների հետ կապված արտադրության արդյունավետությունը եւ համազգային ջանքերով առանց կորուստների հավաքել մշակաբույսերը»: Թեթեւ արդյունաբերության նախաձեռնությունները պետք է ապահովել հումքի եւ նյութերի անխափան մատակարարմամբ, «որպեսզի մեծացվեն որակյալ արտադրանքի ծավալները»,-ավելացրել է Կիմ Չեն Ինը: 

«Մենք այս տարի պետք է վճռական բեկում մտցնենք տնտեսությունը հզորացնելու գործի մեջ եւ վառենք գիտական եւ տեխնոլոգիական ձեռքբերումների հիմքում ընկած արդյունաբերական հեղափոխության ջահը»,- ասել է հյուսիսկորեական առաջնորդը: