ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մոտ ուղեղային հատվածի արյունատար անոթներում թրոմբ են հայտնաբերել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել են Նյու Յորքի Պրեսբիտերական հոսպտալի բժիշկները, որտեղ մեկ օր առաջ տեղափոխվել էր  Ամերիկայի դիվանագետների ղեկավարը:  Բժիշկների հայտարարությունը տարածվել է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, հաճախորդուհու մոտ նյարդային համակարգը չի վնասվել, կաթվածի վտանգ այս պահին եւս չկա: Պետքարտուղարին նշանակվել է արյունը նոսրացնող հակաթրոմբիկ դեղորայքի ագնությամբ բուժում: «Հենց պարզվի` դեղորայքի ազդեցության մեծությունը, նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,- հայտարարել են բժիշկները:

Հավանաբար Քլինթոնը շուտով պաշտոնաթող կլինի: Նրա տեղը կզբաղեցնի սենատոր Ջոն Քերին, որը պետքարտուղարի պաշտոնի թեկնածու է առաջադրվել Բարաք Օբամայի կողմից: