2013 թվականի հունվարի մեկին Ուկրաինան սկսել է նախագահել 57 անդամ պետություններից բաղկացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):
Ուկրաինան ԵԱՀԿ-ում նախագահելու ժամանակահատվածում բոլոր ջանքերը կգործադրի ձգձգված հակամարտությունների կարգավորման, սովորական զինատեսակների վրա վերահսկողության կարգի ամրապնդման, մարդկանց վաճառքի դեմ պայքարի, էներգետիկայի` շրջակա միջավայրի վրա ազդեցության քչացման, ինչպես նաեւ մարդու հիմնական իրավունքների եւ ազատության պաշտպանության համար, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարան, հայտնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությանը:
Նախարարը նշել է Ուկրաինայի դերն որպես մերձդնեստրյան կարգավորման միջնորդ եւ երաշխավոր` ողջունելով վերջին տարվա ընթացքում այս գործընթացում ձեռք բերված նշանակալի հաջողությունները: Նա ընդգծել է այս եւ ԵԱՀԿ տարածքում գտնվող ուրիշ ձգձգվող հակամարտություններին հետագա լուծումներ տալու անհրաժեշտությունը:
«Մենք պետք է ներկա ձեւաչափով նոր լիցք հաղորդենք բանակցային գործընթացին եւ թույլ չտանք հակամարտության լարվածություն: Ձգձգվող հակամարտությունների լուծումները պետք է դառնան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների հիմնական գերակայությունները»,- նշել է Լ. Կոժարան:





























