Արեւմտյան լրատվամիջոցներն անդրադարձել են Մոսկվայում քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) սպանությանը, նշելով, որ այդ սպանությունը կարող է փոխել իրավիճակը, հատկապես երբ Սոչիի 2014 թվականի օլիմպիադայի համար ձեռնտու պայմանագրերը եւ Աֆղանստանից հերոինի մաքսանենգության միջանցքները հանցավոր խմբավորումների համար մրցակցության նոր օբյեկտ են դառնում:
«Սպանվել է մի մարդ, ով համարվում էր Ռուսաստանի բարձրագույն քրեական «բոսսը»: Ոստիկանությունը կարծում է, որ Ուսոյանը բարձր աստիճանի «օրենքով գող» էր: Նրանք դինոզավրեր են, հին խորհրդային գուլագային դարաշրջանի քրեական աշխարհի տերերը»,-գրում է The Financial Times-ը:
Փորձագետների տվյալներով՝ Ուսոյանն բարձր աստիճանի «օրենքով գողի» տիտղոսն ստացել է 2006-ին, այն բանից հետո, երբ նրա գործընկեր Սախար Քալաշովը կալանավորվել եւ արտաքսվել է Իսպանիա (Քաշալովը դատապատրվել է 9 տարվա ազատազրկման եւ հիմա պատիժ է կրում իսպանական բանտում):
Ոստիկանության աղբյուրները նշում են, որ այս սպանությունը բացատրվում է մեկ այլ «օրենքով գողի»՝ Տարիել Օնիանիի խմբավորման հետ կոնֆլիկտով: Ուսոյանը Օնիանիի հետ խնդիրներ է ունեցել Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարության վերահսկման հետ կապված: Ուսոյանն առաջինն է գիտակցել, որ Սոչին համեղ պատառ է եւ գնացել է այնտեղ առաջինը: Միաժամանակ, Օնիանին առաջատար է մեկ այլ արագ աճող քրեական ինդուստրիայում՝ աֆղանական հերոինի մաքսանենգության ոլորտում:
«Մոսկվայի կենտրոնում մահացու վիրավորվել է ռուսական գանգստերը՝ քրեական աշխարհի կարեւոր դեմքը: «Դեդ Հասան» մականունով մարդու մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի նրանից, որ ինչ-որ մեկին շատ է պետք եղել նրան սպանել: Ուսոյանի սպանությունը թվում է վերադարձն է անպատկառ, արյունալի բանդիտական պատերազմներին, որը բնորոշ էր հետխորհրդային սկզբնական շրջանին»,-գրում է The New York Times-ը:
Թերթի կարծիքով՝ Ռուսաստանի կառավարությունը դժվար թե օգնի քննիչներին՝ բացահայտել Ուսոյանի սպանությունը: «WikiLeaks-ում հրապարակված գրություններից մեկի համաձայն՝ 2009-ին եւ 2010-ին ամերիկացի դիվանագետները, որոնք հանդիպումներ են ունեցել իսպանացի դատախազների հետ, լսել են, որ Ռուսաստանի կառավարությունն, ավելի հաճախ համագործակցում է կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, քան դատի է տալիս նրանց: Փոխարենը, ըստ դատախազի, գանգստերները անում են ամեն ինչ, որ կառավարությունը չի կարողանում անել ընդունելի սահմաններում որպես կառավարություն, օրինակ օտար երկրներում իրականացնում են ՌԴ քաղաքացիների պատվերով սպանություններ:
«Մոսկվայում գնդակահարվել է ռուսական քերական աշխարհի «բոսսը»: Ինչպիսի՞ն է Ուսոյանի ժառանգությունը: Նա իրենից հետո թողել է իր զարմիկին, որը նրա ժառանգորդն ու հեռանկարը կլինի տարածքների բաժանման արյունալի պատերազմներում: Այդ մարդուն կարելի է անվանել «ռուսական Դոն Կառլեոնե»: Ուսոյանը վերահսկում էր մարմնավաճառությունը, շինարարությունն ու տարատեսակ ռեկետները Մոսկվայում եւ Ռուսաստանի մի զգալի հատվածում: Ուսոյանը գործել է միայն ԽՍՀՄ նախկին հանրապետություններում»,-գրում է The Washington Post-ը:
«Մոսկվայում գնդակահարվել է «մաֆիայի կնքահայրը», ով առաջ էր մղում Քալաշովին, որպես վրացական մաֆիայի ղեկավարի: Նա շատ մոտ էր Անվտանգության դաշնային բյուրոյի հետ, ոմն մեկը բաց կերպով մեղադրում էր նրան հատուկ ծառայությունների հետ համագործակցության եւ թշնամիների մասին «գործ տալու» մեջ»,-պնդում իսպանական ABC-ն, անհանգստություն հայտնելով, որ Ուսոյանին սպանել են դիպուկահար զենքից, որը «սովորաբար կիրառում է հատուկ ջոկատը»:
El Pais-ը գրում է, որ որոշ մարդիկ Օնիանիին եւ Ուսոյանին կասկածել են ՀԴԲ-ի հետ համագործակցելու մեջ: «Հնարավոր է, որ երկուսն էլ հաշվառված են եղել այդ գերատեսչությունում, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե Ռուսաստանում որտեղ է սկսվում եւ ավարտվում մաֆիոզ սարդոստայնը»,-գրում է պարբերականը:
«Նրան անվանում էին «Դեդ Հասան», բայց նա հանդարտ ծերուկ չէր: Որոշ աղբյուրների համաձայն՝ Ուսոյանը զենք էր մատակարարում Թուրքիայում քրդական շարժմանը: Եթե քրդերին ինքնաձիգներ կամ ականանետեր էին պետք, նրանք դիմում էին Ուսոյանին: Եթե նրանք ունեին կանխիկ փող, կամ թմրամիջոցներ, նա կատարում էր պատվերները: Փողի համար, բայց նաեւ որոշակի էթնիկ մտերմության պատճառով: Ուսոյանը ծնվել է Թբիլիսիում եւ պատկանում էր տեղի քրդական համայնքին, թեեւ, ըստ էության, նրան հետաքրքրում էր միայն բիզնեսը: Եթե զենքի հետ կապված վարկածը հաստատվի, կարելի կլինի խոսել երկրորդ ահաբեկչության մասին, որն իրագործվում է քրդական գաղափարների հետ կապված: Մի քանի օր առաջ Փարիզում սպանվել էին քուրդ ակտիվիստուհիներ: Մաֆիոզի վերացումը գաղտնի մանեւրների եւս մեկ փուլն է, որոնք ուղեկցում են բանակցություններին»,-գրում է Corriere della Sera-ն:
Կազմակերպված հանցագործության հարցերով անանուն փորձագետը Der Standard-ի հետ զրույցում Ուսոյանին բնորոշել է որպես «հանցավոր աշխարհի պատրիարք», ում կլանը վստահելի անձանց միջոցով որոշակի մասնաբաժինների է տիրապետում մետալուրգիական ձեռնարկություններում, բանկերում եւ նավթարդյունաբերական կոնցեռներում: Փորձագետի խոսքով՝ հազմակերպված հանցավորության ազդեցությունը Ռուսաստանում շարունակում է բարձր մնալ:





























