Արտաքին քաղաքականության, հատկապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իրականացնում է ակտիվ, նախաձեռնող, հավասարակշիռ եւ շատ ճիշտ քաղաքականություն։ Փետրվարի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել իշխող կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը մինչ այժմ չի արել որեւէ քայլ, որը բացասաբար կանդրադառնար հայ-թուրքական հարաբերությունների վրա։ «Սակայն պետք է ընդգծեմ, որ Թուրքիայի քայլերը համարժեք չեն Երեւանի կողմից իրականացվող քաղաքականությանը»,- նկատել է պատգամավորը։ Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը, մեծ հաշվով, կախված է ոչ թե Թուրքիայի խորհրդարանից եւ քաղաքական շրջանակներից, այլ զինվորական «իսթեբլիշմենթից» եւ ոչ կառավարական կազմակերպություններից։ «Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական բանակցությունները կշարունակվեն, եւ երկու երկրների միջեւ վերջիվերջո դիվանագիտական հարաբերութուններ կհաստատվեն»,- հավաստիացրել է պատգամավորը։




























