Հայիթիում երկրարշարժից 27 օր անց ավերակների տակից դուրս են բերել 28-ամյա մի մարդու: Երկրաշարժի պահին Էվան Մուսնին գտնվել է շուկայում, որտեղ բրինձ է վաճառել: Տղամարդուն գտել են նրա հարազատները եւ տեղափոխել հիվանդանոց:

Մուսնիի խոսքով, երբ ինքը գտնվելիս է եղել ավերակների տակ, ինչ-որ մեկն իրեն ջուր է տվել: Բայց բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ով կարող էր դա լինել եւ տեղի ունեցածը հրաշք են համարում: Մուսնին լուրջ վնասվածքներ չունի: Հաղորդում է CNN-ը:

«Դրան դժվար է հավատալ, բայց ինչպես պարզվեց, անհնար ոչինչ չկա: Տղամարդուն մեզ մոտ բերել են նրա հարազատները: Մենք նրան ինտենսիվ բուժման կուրս ենք անցկացնում: Նա ահավոր ջրազրկված է, բայց կարծում եմ կապաքինվի»,- հայտարարել է բժիշկ Դաշյանտա Ջայավերան:

Հիշեցնենք, որ վերջին անգամ ավերակների տակից կենդանի մարդ են դուրս բերել երկրաշարժից 15 օր անց: Այն ժամանակ ավերակների տակից դուրս էին բերել 17-ամյա մի աղջկա: Դեռ այն ժամանակ դա հրաշք անվանեցին:

Հայիթիում երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 12-ին, որի արդյունքում մահացել է մոտ 212 հազար մարդ, իսկ զոհերի թիվը օր օրի ավելանում է: Վիրավորների թիվն անցում է 300 հազարից: Այս կամ այն չափով երկրաշարժից տուժել է 3 միլիոն մարդ: