ԱՄՆ-ի որոշ հեջային ֆոնդեր վերջին ամիսներին իենի դեմ խաղադրույքներով միլիարդների շահույթ են ստացել՝ իրենց կանխատեսումներում հիմնվելով Ճապոնիայի կառավարության՝ ազգային արժույթը թուլացնելու եւ արտահանմանն ու տնտեսությանն աջակցելու վճռականության վրա:
Մասնավորապես, ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը նոյեմբերից սկսած մոտ մեկ միլիարդ դոլար է վաստակել: The Wall Street Journal-ը նմանատիպ ֆոնդերից նշում է նաեւ Դեյվիդ Էյնհորնի Greenlight Capital-ը, Դանիել Լեբի Third Point LLC-ն եւ Քայլ Բասի Hayman Capital Management-ը:
«Ֆինմարկետը» գրում է, որ ներդրողներն իենի թույլ դիրքի շնորհիվ սկսել են գումար վաստակել Ճապոնիայում Սինձո Աբեի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության իշխանության գալուց առաջ, որը պնդում էր, որ տնտեսությունը խթանելու անհրաժեշտություն կա:
Վերջին 4 ամիսներին ճապոնական ազգային արժույթն էժանացել է 20%-ով, որի հետեւանքով մի շարք եվրոպական երկրներ ճապոնական կառավարությանը մեղադրում են հերթական «արժութային պատերազմի» մեջ: Փետրվարի 14-ին իենի փոխարժեքը դոլարային հարաբերակցությամբ 93,5/1 է՝ նոյեմբերի կեսերի 79/1-ի փոխարեն:




























